Այսօր Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ պետությունը հոգալու է մանկական քաղցկեղի ստացիոնար բուժման ծախսերի մի մասը և վերացնելու է քաղցկեղի վիրահատությունների համավճարները: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ «Միգուցե առաջին հայացքից ականջահաճո է թվում քաղցկեղի բուժումը Հայաստանում անվճար կազմակերպելու մասին հայտարարությունները, բայց ես խոսել եմ բազմաթիվ մասնագետների, բուժհաստատությունների ղեկավարների հետ, ովքեր ասում են՝ դա հնարավոր չէ: Եթե քաղցկեղի որակյալ բուժում, ապա դա շատ թանկ ու որակյալ ծառայություն է, իսկ պետական բյուջեն իր վրա նման ծանրություն չի կարող թույլ տալ»:
Քաղաքական օղակներում այս թեման բավականին թեժ քննարկվում է, իսկ ինչ կարծիք ունեն քաղցկեղով հիվանդ մարդկանց հետ ամենօրյա շփման մեջ գտնվող մասնագետները: ԼՈւՐԵՐ.com-ն այս առթիվ զրուցել է «Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն» hիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ:
- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի առաջարկով ծխախոտի գինը կթանկանա, ինչպե՞ս եք վերաբերվում Արսեն Թորոսյանի՝ քաղցկեղի դեմ պայքարի նմանատիպ քաղաքականությանը: Արդյո՞ք իրատեսական է ծխախոտի թանկացումով նպաստել քաղցկեղի կամ դրա հետևանքով առաջացած այլ հիվանդությունների տարածմանը:
- Ծխախոտի թանկացմանը ես անձամբ կողմ եմ, քանի որ մենք բազմիցս համոզվել ենք, որ ծխախոտն ահավոր ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա և քաղցկեղածին գործոն է:
- Ձեր կարծիքով պետությունը ի վիճակի՞ է տրամադրել քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ծախսերը:
- Իհարկե, կուզենայի համոզված ասել այո, բայց դրանք բավական մեծ գումարներ են: Նախ, քաղցկեղի բուժումը մի քանի փուլով է իրականացվում և հետագա ծախսեր է հետապնդում: Երկրորդ՝ Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը բավական մեծ է և դժվար կլինի բոլորին օգնել: Առաջին հերթին պետք է բարձրացնել մարդկանց գիտակցությունը, որ հաճախ ստուգվեն: Հիվանդության կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը: Եթե հիվանդությունը վաղ շրջանում բացահայտվի, ապա բուժումը կլինի ավելի հեշտ և արագ, ծախսերը ՝ ավելի քիչ:
- Հայաստանում քաղցկեղի անվճար բուժման մասին լուրերը, որոնք հիմնված էին նախարարի հայտարարությունների վրա, խիստ քննադատության արժանացան մասնագետների կողմից: Բազմաթիվ օնկոլոգներ նման հայտարարությունը համարում են PR-ի միջոց: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը:
- Օնկոլոգներին մեղադրել չեմ կարող, որովհետև նրանք ամեն օր են առնչվում այդ թվերին: Նրանք գիտեն, որ քաղցկեղով հիվանդ մարդկանց քանակը շատ է: Գիտեն նաև, որ բուժման համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Արսեն Թորոսյանի ձգտումը գովելի է, ուղղակի բոլորին օգնելը դժվար է: Այլ խնդիր է պետության հնարավորությունները: Իմ կարծիքով, պետությունը ի վիճակի չէ ամբողջովին հոգալ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ծախսերը: Մեր հիմնադրամը ներառված չէ այս ծրագրում, դրա համար չեմ կարող ավելի մանրամասն ասել:
- Այս հարցին այլ լուծում տեսնում ե՞ք: Հիմնադրամների ստեղծումը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ:
- Միանշանակ, հիմնադրամների առկայությունը կարող է դրական ազդեցություն ունենալ: Բայց կա հիմնադրամների ֆինանսավորման խնդիր: Մեր հիմնադրամը գործում է արդեն քսան տարի, բայց մենք ֆինանսավորում ստանում ենք մեր բարերարից և ԱՄՆ դեսպանատնից: Երբեք չի եղել, որ մի որևէ հայ մեծահարուստ գա և ասի, որ ուզում է օգնել և վճարել 100 կանանց բուժման համար: Սա նույնպես հասարակության գիտակցության խնդիր է: Հիմա մեզ մոտ զեղչեր են, և ցավալի է տեսնել, որ մարդիկ պատրաստ են ժամերով հերթ կանգնել՝ մի քանի հազար դրամ խնայելու համար: