«Ժողովրդավարությունների համայնքի» (Community of Democracies-CoD) նախաձեռնությամբ մարտի 11-ին կազմակերպության Վարշավայի գրասենյակում կայացել է Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի (Thomas Garrett) հետ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, վերջինս դեսպան Մկրտչյանին ներկայացրել է փետրվարի 18-19-ը Հայաստան կատարած իր այցի արդյունքները: Հանդիպումներ են կայացել ՀՀ ԱԺ «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների, ինչպես նաև Արտաքին հարաբերությունների ու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավար կազմերի հետ:

Այցի շրջանակներում Թ. Գարեթին ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Կլոր սեղան ձևաչափով ոչ պաշտոնական քննարկումներ են անցկացվել մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ:

Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում հեղափոխությունից հետո ստեղծված հնարավորությունները՝ առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատություններն ու անշրջելի դարձնելու դրանց հիմքում դրված սկզբունքների կիրառումը։ Այդ ենթատեքստում և ներկայիս մարտահրավերների պայմաններում՝ ժողովրդավարական բարեփոխումների հանրայնացման ու դրանց ընկալման առումով, «Ժողովրդավարությունների համայնքի» գլխավոր քարտուղարն արդիական համարեց պետություն-քաղհասարակություն ռազմավարական հաղորդակցային անհրաժեշտ կապի ապահովումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպության և Հայաստանում նրա տարբեր գործընկերների հետ համագործակցության եղանակներին և ձևաչափերին։