Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը և աշակերտները այսօր՝ մարտի 12-ին, դասադուլ և գործադուլ են անում՝ պահանջելով նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանց խոսքով՝ Հերմինե Անդրեասյանը մոտ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է՝ ինչ ընտրվել է դպրոցի տնօրենի պաշտոնում, սակայն այդ կարճ ժամանակահատվածում հասցրել է առաջ բերել ուսուցիչների վրդովմունքը, կոնֆլիկտ ունենալ փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանի հետ:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Արարատի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը՝ ով այդ պահին գտնվում էր Ավշարի դպրոցում, ասաց, որ դասադուլի պրոցեսը դեռ շարունակվում է, և ինքը դպրոցում է՝ ստեղծված խնդիրը հասկանալու և հնարավոր լուծումներ գտնելու համար:
Ալբերտ Մկրտչյանի խոսքով, Ավշարի դպրոցի տնօրենը ընտրվել է մրցութային կարգով՝ 7 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
«Դպրոցում առաջացած այս բողոքի իրադարձությունների պատճառն այն է, որ նորընտիր տնօրենի և փոխտնօրենի մեջ խնդիր է եղել հետագա աշխատանքի հետ կապված: Օրեր առաջ նրանց մեջ քննարկում է եղել, որի արդյունքում աշխատակազմն ըմբոստացել է, այժմ պետք է քննարկենք, հասկանանք հետագա իրադարձությունները»,- ասաց Ալբերտ Մկրտչյանը:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական այն լուրը, որ նորընտիր տնօրենը ուսմասվարի հրաժարականն է պահանջում, որպեսզի իր ընկերուհուն նշանակի այդ պաշտոնում, Ալբերտ Մկրտչյանը պատասխանեց. «Այդ մասով ոչինչ չեմ կարող ասել: Գիտեմ, որ ուսմասվարի հետ եղել է խոսակցություն, որ նա փոխարինվի նոր մասնագետով, բայց թե ով լինի փոխարինողը, չգիտեմ»:
Արարատի մարզպետարանի կրթության վարչության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը ասաց, որ հասցրել է խոսել տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ, բայց դեռ պիտի նաև քննարկում ունենան: Նա նշեց նաև, որ տնօրենի ներկայացմամբ՝ ինքը պարզապես խոսել է փոխտնօրենի հետ հետագա անելիքների մասին:
Եզրափակելով իր խոսքը, Ալբերտ Մկրտչյանը հայտնեց, որ իրավական որևէ ակտ չկա փոխտնօրենի հետ կապված, և նա շարունակում է աշխատել: