2018 թվականի նոյեմբերին է ՀՀ Ֆինանսների նախարարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է թանկացնել բոլոր տեսակի գազավորված ըմպելիքների (բացառությամբ հանքային ջրերի) ակցիզային հարկը:
Այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հետաքրքրվել են, թե ի՞նչ մոտեցում ունի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ հարցի վերաբերյալ։
«Այն հիմնավորումը, որ ներկայացվում է ակցիզային հարկը նման կերպ տարածելու հարցով, նկատի ունեմ առողջապահական հիմնավորումը, մեղմ ասած, շատ վիճահարույց է: Եթե մենք շաքարի փոխարեն շեշտը դնում ենք ըմպելիքի գազավորված լինելու վրա, կարող է շաքար պարունակող, ավելի վնասակար խմիչքը դուրս մնա ակցիզային հարկից: Դա առողջապահական առումով հիմնավորում չունի, իսկ փոքր ու միջին բիզնեսի առումով, համաձայն եմ, որ ինքն ազդելու է բացասաբար: Քանի որ մենք ունենք ֆիքսված ակցիզային հարկ՝ 30 դրամ մեկ լիտրի համար, սա նշանակում է, որ ցածր գնային սեգմենտում աշխատողներն են դրանից ավելի շատ տուժելու: Ասենք՝ 100 գրամանոց լիմոնադի համար 30 դրամը նշանակում է 30 տոկոս: Ու էդ տոկոսային հարաբերակցությունը երբ համեմատում ենք, ստացվում է, որ շուկայում կարող են խոշորները կլանել փոքրերին»,-նշել է նա: