Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը շրջանառության մեջ է դրել Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի, պետական շահի կարևորագույն առաջնահերթություններ են սահմանվում Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտումը և շահագործումը։

«Օրենքի նպատակն է Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության և տեխնոլոգիայի, պաշտպանության և անվտանգության ամրապնդումը, Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության զարգացումը և հետագա ընդլայնումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից տիեզերքի խաղաղ օգտագործման իրավական կարգավորումը»,-նշված է նախագծում։

Հարկ է նկատել, որ ՏԿՏՏ նախարար Հակոբ Արշակյանի՝ տիեզերքը «գրավելու» մտադրությունը արդիական էր նաև նախկին իշխանությունների օրոք, և այն հասարակության կողմից թերահավատորեն էր ընդունվել, շատերն անգամ նշում էին, որ ՀՀ արտաքին հարաբերություններում բազմաթիվ հրատապ և չլուծված խնդիրներ կան և չարժե նման հարցերի վրա ժամանակ ծախսել։ Սակայն 2017 թվականին ՀՀ-ն վավերացրել է Լուսնի վրա պետությունների գործունեության կարգավորման մասին համաձայնագիրը: Նույնիսկ ՏԿՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր. «Կարող է՝ մի օր գա հնարավորությունն էլ, այո՛, զավթենք լուսինն էլ, չէ, զավթել չէ, խաղաղ օգտագործենք»: 

Այնուամենայնիվ, փաստ է, որ մինչ այժմ տիեզերքում որևէ հաջողություն չունենք գրանցած և բոլոր նախաձառնությունները մնացել են թղթին: Իսկ նախքան հաջողություն գրանցելը՝ առաջին հերթին անհրաժեշտ են «տիեզերական» գումարներ, տիեզերական արդյունաբերություն և ամենակարևորը՝ համապատասխան ոլորտի մասնագետներ:

Եվ վերջում՝ ողջունելի է նոր իշխանությունների կողմից նման նախաձեռնությունները, բայց և այնպես՝ պետք է կրկնենք՝ արդյո՞ք անհրաժեշտ է նման նախագիծ շրջանառության մեջ դնել, երբ կան այդքան օրակարգային հրատապ և չլուծված խնդիրներ: