Շուտով ԵԽԽՎ-ն կհրապարակի Հայաստանի մոնիթորինգային պարտավորությունների վերաբերյալ զեկույցը: Որոշ հոռետեսների, իսկ եթե կուզեք՝ իրատես փորձագետների կարծիքով, այն չի գոհացնի նոր իշխանություններին: Իսկ պատճառը նույնպես հասկանալի է՝ այս ամիսների ընթացքում ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը սպասվածի պես չի հաջողել իր կարևոր առաքելության առաջին մասը: Որոշ շշուկների համաձայն, ԵԽԽՎ մեր պատվիրակությունում արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Փորձառուները ստիպվան են լինում շտկել Ռուբինյանի կիքսերը, բացի այդ էլ՝ կտրուկ սրվել են Ռուբինյանի և Հովհաննես Իգիթյանի հարաբերությունները: Ըստ որոշ աղբյուրների՝ Իգիթյանը հենց ամենասկզբից նեղսրտած է եղել, որ իրեն՝ որպես ավելի փորձառու և հմուտ գործչի, լիարժեք չեն գնահատել և չեն վստահել ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության աշխատանքները կոորդինացնելու գործառույթը, այդ պաշտոնը տալով ՔՊ-ական Ռուբինյանին: Վերջինս էլ անում է ամեն բան՝ Իգիթյանի դժգոհությունը էլ ավելի օբյեկտիվ դարձնելու համար:

Օրինակ, Ռուբինյանը կարող է իր ընդհանրական, դիվանագիտությունից հեռու ձևակերպումներով կասկածի տակ դնել զեկուցողի անաչառությունը եւ որակազրկել զեկույցը: Կամ, օրինակ, մոռանալ, որ զեկույցում ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվել ապահովել բոլոր քրեական գործերի, այդ թվում՝ 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև կոռուպցիոն մեղադրանքների համապատասխանելիությունն իրավունքի գերակայության, դատական իշխանության անկախության և արդար դատաքննության սկզբունքներին, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում: Ստացվում է՝ այս հարցում զեկուցողները գտել են բացեր, իսկ Ռուբինյանին չի հաջողվել վերջիններիս ապացուցել, համոզել, որ նոր Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային ավելի մեծ դեր են հատկացնում, քան հին Հայաստանում: Կամ արդյո՞ք բացթողում չէր Ստրասբուրգ մեկնել առանց քաղաքական որոշման` քաղաքական խմբերի անդամակցության հարցի առումով: Ակնհայտ է, որ պատվիրակության աշխատանքը կազմակերպվում է վերին աստիճան փնթի կերպով և այս ամենին ականատես լինելիս օբյեկտիվ հարցադրում է ի հայտ գալիս. արդյո՞ք արժեր ամեն գնով անփորձ ՔՊ-ական կադրին վստահել միջազգային նման կարևոր հարթակ…