Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորներին ներկայացրեց ՀՀ կառավարության նախորդ ծրագրի շրջանակներում ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքը:
Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ իրականացվել է վարչական համաներում, ինչի արդյունքում 108 հազար 916 անձանց նկատմամբ կիրառվել է համաներում, կարճված կատարողական վարույթների թիվը՝ 1 միլիոն 259 հազար 177 է:
«Իրականացվել է քրեական համաներում, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակված դատապարտյալների թիվը մարտի 13-ի դրությամբ 627 է: Պրոբացիոն ծառայությունում համաներում է կիրառվել 2342 շահառուի նկատմամբ»,- ներկայացրեց Զեյնալյանը:
Նա հավելեց, որ Երևանի 4 բժշկական կենտրոններ ունենալու են կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ: «Ոչ միայն Երևանի, այլ նաև Վանաձորի, Գյումրիի և Գորիսի որոշ բժշկական հաստատություններ կունենան հատուկ բաժանմունքներ՝ նախատեսված կալանավորների և դատապարտյալների համար»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, որը տարիներ շարունակ պատշաճ չէր կիրառվել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, սկսել է գործել, պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձ: «Ընդհանրապես այս ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում այսօրվա դրությամբ 230-ից ավել անձ պատժի կրումից վաղաժամկետ ազատվել են: Առկա են նաև ընթացիկ գործեր, որոնք գտնվում են դատարանների վարույթում»,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը:
Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացի հանդիսացող դատապարտյալների համար տեսակցության իրավունքի ապահովման նպատակով կարճատև տեսակցության փոխարեն ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ստեղծվել: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկված անձանց համար կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է՝ տարվա ընթացքում առնվազն 6 կարճատև և 2 երկարատև տեսակցության տրամադրման հնարավորություն է ստեղծվել: Արտակ Զեյնալյանն ընդգծեց, որ սա նվազագույն շեմն է. եթե անձը կդրսևորի պատշաճ վարքագիծ կամ համապատասխան սենյակները ծանրաբեռնված չեն լինի, նա իր ընտանիքի անդամների հետ հանդիպման ավելի շատ հնարավորություն ունենալ:
ՄԻՊ-ի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բացառվում են քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականի և օրինական ներկայացուցչի հետ առանց հիմնավոր պատճառի տեսակցությունն արգելելու պրակտիկան: «Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար կապիտալ վերանորոգման համար միջոցներ են հատկացվել: Կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է տրամադրել «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների և դատապարտյալների բնակության կոմունալ, կենցաղային պայմանների բարելավման նպատակով: