Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանի՝ օրերս արած այն հայտարարությունը, որ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքները «մեյմունություն» ու «բոշայություն» են, իսկ հանրահավաքի մասնակիցները «թամաշա» անելու համար են հավաքվում, բուռն քննարկումների թեմա է դարձել: «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց Լևոն Իգիթյանին՝ պարզելու, թե ինչո՞վ են նրա համար անընդունելի հետընտրական այս զարգացումները: - Պարո՛ն Իգիթյան, ինչո՞ւ եք կարծում, թե մարդիկ «մեյմունություն» են անում Ազատության հրապարակում: - Նորից եմ կրկնում՝ քաղաքի կենտրոնը մեյմունության տեղ չի: Պալատկա դնելն օպերայի մոտ՝ դա բոշայություն է: Նորից նույն բանը կրկնում եմ, հիմա ում դուրը եկել է, ում դուրը չի եկել, ես իմ կարծիքը դրա պատճառով չեմ փոխելու: Մայրաքաղաքն ուրիշ բան է, քաղաքը՝ ուրիշ բան, սովորական բնակավայրը՝ ուրիշ բան: Ո՞վ ասաց, որ եթե Արևմուտքում նման բաներ անում են, մենք էլ պիտի կրկնենք: Այս քաղաքն իր սահմանադրությունն ու չգրված օրենքն ունի: - Այդ դեպքում որպես մշակութային գործիչ Դուք պայքարի ի՞նչ մեթոդ եք առաջարկում ժողովրդին, եթե հանրահավաքը «մեյմունություն» եք համարում: - Ժողովրդի հետ խոսելու համար պիտի Հովհաննես Թումանյան լինես մինիմում: Պիտի հանճար լինես, բայց էսօր ով մի հատ քարի վրա կանգնում է, ժողովրդի հետ սկսում է խոսել, հա՞: Սովորական, միջակ հնարավորությունների տեր մարդիկ ելույթներ են ունենում, էս ի՞նչի ենք վերածել մեր հասարակությունը: Աստված տար, այնպես անեինք, որ Հովհաննես Թումանյանը կարողանար կենդանանալ: Որ իմանայի՝ Հովհաննես Թումանյանը պիտի խոսի, կգնայի, կչոքեի առաջը, կլսեի: Ես ո՞ւմ լսեմ փողոցում, չեմ հասկանում: Էն ի՞նչ պիտի ասեն, որ ես չգիտեմ: Էդ ի՞նչ հանճար է կանգնած խոսում, որ ես գնամ լսեմ, այ մարդ: Գիրք կարդալու ժամանակ չունեմ, թամաշայի՞ գնամ: Նախագահի թեկնածու լինելը ստատուս չի, հեղինակություն չի: Ուրեմն ով թեկնածու է, ես պիտի կանգնեմ ու լսեմ, թե ինչ է խոսում: Ինձ հետաքրքիր չի իրա կարծիքը, իրա ելույթը, իրա մտքերը ինձ չեն հետաքրքրում: Էս աշխարհում շատ ավելի հետաքրքիր ու խելոք մարդիկ կան: - Բայց Ձեզ ոչ ոք չի ստիպում գնալ և լսել նրան, միաժամանակ Դուք իրավունք չունեք մարդկանց պայքարը «թամաշա» ու «մեյմունություն» որակելու: Հասարակությունն իր պահանջն է ներկայացնում Ազատության հրապարակում, մարդիկ մի տեսակ մոլորված են, արդարություն են պահանջում: - Թող գնան սովորեն, ես մոլորված չեմ, փոքրուց մոլորված չեմ եղել: Մարդկանց ինքնահաստատման խնդիրը մինչև 20 տարեկանն է լուծվում: Քսանից հետո ով ինքնահաստատման խնդիր ունի, նրանք վտանգավոր մարդիկ են: Էլ չեմ ասում՝ էնտեղ 40-50 տարեկան մարդիկ կան, որ իրենց տեղը չեն գտել էս կյանքում, չեն իմանում՝ իրենք ո՛վ են: