Նոր սիմվոլ է հայտնվել մեր իրականության մեջ, դա ուղղաթիռն է:
Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում անընդհատ շրջանառվող լուրերն այն մասին, որ վարչապետի ընտանիքն իր հետ ուղղաթիռով մասնակցում է տարբեր այցերի:
«Ես ուզում եմ մի այսպիսի վատ լուր ասել ուղղաթիռի հարցով մտահոգ բոլոր մարդկանց: Վարչապետի ծառայողական ուղղաթիռը ունի պարտադիր թռիչքային ժամեր: Սա նշանակում է՝ այդ տեխնիկան որպեսզի չվերածվի մետաղի ջարդոնի, ինքը ունի պարտադիր թռիչքային ժամեր, և եթե նույնիսկ վարչապետը չի նստում, այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել, գալ, որովհետև իր տեխնիկական կանոնակարգի մեջ պարտադիր թռիչքային ժամեր գոյություն ունեն, որովհետև եթե չթռչի, ինքը կդառնա մետաղե ջարդոն և կստացվի, որ մենք պետական թանկարժեք գույքը դարձրել ենք մետաղի ջարդոն»,-ասաց Փաշինյանը: