ՀՀ կենտրոնական բանկը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հետ կապված փոփոխություն է առաջարկում, որը ներկայացվել է e-draft.am կայքում։ Նախագծով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը վերաբերում է եռամսյակը մեկ ԿԲ կողմից անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները հրապարակելու իրավասությանը: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն դրամը: Պարզաբանումն էլ այն է, որ  «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված նշված դրույթը հնացած է եւ չի համապատասխանում ներկայիս օրենսդրությամբ ներդրված սկզբունքներին։
  
Հետաքրքիր է, որ այսպիսով բանկային համակարգում աճելու է ստվերը և նվազելու է թափանցիկությունը: Մինչդեռ իշխանությունները գրեթե յուրաքանչյուր օր թմբկահարում են հենց վերոնշյալ ոլորտում, ֆինանսական համակարգում թափանցիկության անհրաժեշտության մասին: Տպավորություն է ստեղծվում, որ նմանատիպ փոփոխությունը որոշակի տողատակեր ունի: Արդյո՞ք նման նախագիծը իր մեջ չի պարունակում կոռուպցիոն տարրեր, չէ՞ որ կարող է իրականացվել խոշոր մասշտաբի մեքենայություններ:
 
Օրինակ, կարելի է կլորիկ գումար դուրս գրել, այնուհետև ձևակերպել որևէ անհայտ ընկերության անվան տակ, իսկ արդեն դրանից հետո մեզ կհայտարարեն, որ ընկերությունը գումարները չի վերադարձրել, սակայն էլ ո՞վ կիմանա գումարի չափը և ընկերության անունը… գումարներն էլ հանգիստ կերպով կհանգրվանեն որևէ մեկի գրպանում: Սա՞ է արդյոք նախագծի նպատակը: Եթե իշխանությունները մտահոգված են բանկային գաղտնիքի բացահայտմամբ և տնտեսվարողների հնարվոր վարկաբեկմամբ, ապա միգուցե ավելի ճիշտ և տեղին կլինի հուշել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Սաշիկ Սարգսյանի՝ բանկում գտնվող միլիոնների թվի, վարկ ունեցող նպաստառուների թվի բարձրաձայնումն արդեն իսկ Բանկային գաղտնիքի մասին օրենքի կոպտագույն խախտում է…