Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ԵՄ-ի հետ պայմանավորված ներդրումների կատարումը կարող է մեծացնել ՀՀ պետական պարտքը: 

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն անդրադարձավ վարչապետի այս հայտարարությանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, իր կարծիքը չէ, որ պիտի ինչ-որ բան փոխի:

«Թեև չեմ կարծում, որ ես պիտի տեսակետ հայտնեմ այդ առումով, բայց վստահ եմ, որ և' վարչապետը, և՛ նեղ մասնագետները հաստատ կգտնեն այնպիսի լուծում, որ չվնասի Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Վստահ եմ նաև, որ երկկողմանի լուծման կգան այնպես, որ չավելանա նաև ՀՀ պետական պարտքը»,-ասաց Լուսինե Բադալյանը:

Նա շեշտեց, որ ինքը ոչ թե հույս է հայտնում այդ առումով, այլ վստահություն, որովհետև ըստ նրա՝ ոլորտի շրջանակներում մենք ունենք այնպիսի մասնագետներ, որոնք անշուշտ կգտնեն լուծում՝ երկկողմանի համաձայնությամբ:

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմ կկիրառեն մասնագետներն այն դեպքում, երբ Հայաստանում չկան այնպիսի ներդրումներ, որոնց վրա կարելի է հույս դնել՝ պատգամավորը պատասխանեց.

«Ես վստահ չեմ, որ մենք չունենք մեր երկրում արվող ներդրումներ: Գուցե ինչ-որ բան նախատեսված է առաջիկայում, որի մասին դեռ չեն բարձրաձայնում»,- եզրափակեց Լուսինե Բադալյանը՝ դարձյալ վստահեցնելով, որ կառավարությունը չի անի մի քայլ, որը կվնասի մեր երկրին կամ ԵՄ-ի հետ ունեցած գործընկերային հարաբերություններին:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ