«ՀՀ զինված ուժերում կարգազանցությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որը այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել»:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Մեկնաբանություններում նա տեղեկացրել է, որ խոսքն այն մասին է, որ զորամասերից մեկում (Սյունիքում – խմբ․) մի քանի կարգազանց զինվորներ փորձել են 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը դնել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Երբ սպաները դա թույլ չեն տվել, այդ զինծառայողները փորձել են ներքաշել այլ զինվորների, որոնց հանել են ըմբոստության։
Ավելի վաղ Անկախ լրագրողների ցանցը տարածել էր ստորև ներկայացված հարցազրույցը և կից գրառմամբ նշել. 

«Մեղրիում գնդի ապստամբությունից հետո զինվորներին պատժեցին Ղարաբաղ ուղարկելով

 

Մարտի 23-ին, Կառավարության շենքի մոտ բողոքելու են գալու Մեղրիում ծառայող զինվորների հարազատները։ Մայրերից մեկը պատմել է, որ մի քանի օր լուր չի ունեցել որդուց, որին գտել է կալանքի տակ Ստեփանակերտի Ռազմական ոստիկանությունում»։