Համացանցում շատ է քննարկվում, թե որոշ հարցումների արդյունքում «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը նվազել է: 

Հակառակ պնդումների, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ եթե հիմա էլ լինեին ընտրություններ, ապա «Իմ քայլը» շատ ավելի բարձր ցուցանիշով կընտրվեր:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անդրադարձավ իշխող խմբակցության` հարցման արդյունքում գրանցած վարկանիշին և վարչապետի հայտարարությանը.

 

«Ես կարծում եմ, որ հարցման արդյունքները կարող են խաբուսիկ լինել, որովհետև ֆեյսբուքում բազմաթիվ ֆեյք էջեր կան: Ես ինքս հանրության կողմից դժգոհություններ ռեալ միջավայրում չեմ նկատել, ինչպես նաև չեմ նկատել «Իմ քայլի» վարկանիշի կտրուկ նվազում: Հնարավոր է, որ մի քիչ լինի վարկանիշի նվազում, ես կարծում եմ, որ դա ժողովրդի անհամբեր սպասումների հետևանք կարող է լինել, որովհետև նրանք ուզում են ժամ առաջ գլոբալ փոփոխություններ տեսնել: Կյանքի կտրուկ բարելավում միանգամից տեղի չի ունենում և ես վստահ եմ, որ գիտակից մարդիկ շատ են և դա հասկանում են»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:

Հարցին, համամի՞տ է, որ եթե այսօր էլ ընտրություններ լինեն, ապա «Իմ քայլը» դաշինքն ավելի բարձր ցուցանիշ կունենա` պատգամավորը պատասխանեց. «Միգուցե, ես չեմ բացառում: Ես, իհարկե, իմ կարծիքն ունեմ այս առումով և վստահ եմ, որ էականորեն չի նվազել «Իմ քայլի»-ի վարկանիշը, արդեն նշեցի, որ որոշ հանգամանքների բերումով թեև հնարավոր է մի փոքր նվազած լինի»,- եզրափակեց Հրաչյա Հակոբյանը: