Բարձրագույն դատական խորհուրդը մեկ ամիս առաջ դադարեցրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները: Հիշեցնենք՝ մամուլում Արայիկ Մելքումյանի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, նա աչքի է ընկել լրատվամիջոցների դեմ կայացրած վճիռներով` վիրավորանքի եւ զրպարտության հայցերով: Օրինակ, 2009 թ.-ի հունիսի 5-ին, Մելքումյանը հօգուտ Քոչարյանների ընտանիքի վճիռ էր կայացրել, որով «Հայկական ժամանակ»-ը նրանց պետք է վճարեր 3 միլիոն 620 հազար դրամ։ Բացի այդ` «ՀԺ»-ն պետք է վճարեր նաեւ 72 հազար դրամի պետական տուրք։ 2011 թ. հունիսի 6-ին «Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի» գործով թերթը Քոչարյանների ընտանիքին 3 մլն դրամ պետք է վճարեր նրանց վիրավորելու, զրպարտելու, պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկություններ հրապարակելու պատճառով:
Այսինքն, ըստ էության, ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը օգնել է ներկայիս իշխանություններին՝ ազատվել Քոչարյանի օգտին որոշում կայացրած դատավորից: Այսօր, սակայն, օգնության կարիք ունի ինքը՝ Հարությունյանը: Բանն այն է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներ՝ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը, ԲԴԽ-ի դեմ դուրս եկան այն բանից հետո, երբ չընտրվեցին Սնանկության գործերով դատարանի դատավոր: Տևական ժամանակ է՝ երկու դատավորները պայքարում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի դեմ: Դրանից հետո Կարինե Պետրոսյանը արդարադատության նախարարությունից ստացել է ծանուցում այն մասին, որ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել իր նկատմամբ: Նմանատիպ ծանուցում ստացել է նաև Ալեքսեյ Սուքոյանը:
Ստացվում է՝ իշխանությունները վարձահատույց են լինում Գագիկ Հարությունյանի՝ մեկ ամիս առաջ մատուցած «ծառայությանը»՝ պաշտպանելով նրան բողոքող դատավորներից: Սա խոսում է այն մասին, որ զանգելով արդարադատությունը այնուամենայնիվ մեր երկրում տեղ ունի, ինչպես նաև խոսում է այն մասին, որ հին ու նախկին իշխանությունները շարունակում են հաշտ ու համերաշխ «պասերով» աշխատել նաև Նոր Հայաստանում: