ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Մանվել Գրիգորյանը արդեն տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց, սակայն տեղյակ չեմ՝ կոնկրետ որ հիվանդանոցում է։ Կարծում եմ՝ տեղափոխվել է այն հիվանդանոց, որտեղ եղել է նախկինում։ Տեղափոխման պատճառները տարբեր են՝ սկսած նրա ծանր հիվանդություններից, վերջացրած ՄԻԵԴ դիմած մեր պահանջից, որի կետերից մեկը անհապաղ տեղափոխումն էր քաղաքացիական հիվանդանոց։ Նա տառապում է այնպիսի հիվանդություններով, որ մշտապես պետք է գտնվի 5-6 բժիշկների հսկողության տակ։ 

ՄԻԵԴ-ը ՀՀ Կառավարությանը ժամանակ է տվել մինչև ապրիլ ամիս՝ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար, ուստի նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ զննություններ իրականացնելու համար»,- մանրամասնեց պաշտպանը։

Փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ նշեց, որ փաստաբաններով միջնորդություն էին ներկայացրել, որ Մանվել Գրիգորյանն ունի ստացիոնար բուժման կարիք։ 

Նշենք, որ մարտի 15-ին դատարանը բավարարել էր Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու՝ Հատուկ քննչական ծառայության  միջնորդությունը: Սակայն նրա փաստաբանները մարտի 19-ին դիմել էին դատարան՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց, ինչպես նաև դիմել էին ՄԻԵԴ՝ նշելով, որ ծանր հիվանդություններ ունեցող իրենց պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում պատշաճ բուժօգնություն չի ստանում։ Նրանք դիմելով Եվրոդատարան՝ խնդրել էին ՀՀ իշխանություններին պարտավորեցնել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ։

Ավելի վաղ ՀՔԾ տեղեկացրել էր, որ Մանվել Գրիգորյանի մոտ չի հայտնաբերվել որևէ հիվանդություն, որը խոչընդոտ է հանդիսանում պատիժը կրելուն։

Սոնա Հարությունյան