Ռուսական «Россия 1» հեռուստաընկերության «Ով է դեմ» հաղորդման վարող Վլադիմիր Սոլովյովը նկարահանման տաղավարից դուրս է հրավիրել ծեծկռտուք հրահրած երկու փորձագետներին։ Հաղորդման հյուրերից մեկին՝ Գրեգ Վայներին, դուր չի եկել իր հասցեին հնչած արտահայտությունը, որն արել է հայազգի փորձագետ Արայիկ Ստեփանյանը։
Ի պատասխան Ստեփանյանի՝ վերջինս հայտարարել է, որ նա ստում է և կոպտորերն վիրավորել է Ստեփանյանին, ով էլ, իր հերթին, ջուր է լցրել Վայների վրա։ Սոլովյովը ստիպված է եղել երկուսին էլ դուրս հրավիրել հաղորդման տաղավարից՝ հայտարարելով, որ չի կարելի նման կերպ արտահայտվել ու նման բառեր հնչեցնել։ Այնուհետև Սոլովյովը խնդրել է անվտանգության աշխատակիցներին ուշադիր հետևել տաղավարը լքած հյուրերին։
«Կարող են կրքեր բորբոքվել, կարող են լարված հարաբերություններ լինել, սակայն չի կարելի անցնել սահմանը։ Երբ մարդիկ միմյանց չեն լսում, միջադեպեր են տեղի ունենում, իսկ երբ ժողովուրդները չեն լսում միմյանց, ծնվում են պատերազմներ»,-իր խոսքը եզրափակել է Սոլովյովը։