Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան այրողը ձերբակալվել, ապա ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Հանցագործություն կատարելու կասկածանքով մարտի 21-ին ձերբակալվել է 1971 թ․ ծնված բնակիչը: Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել իր արարքների վերաբերյալ, իր փաստաբանի ներկայությամբ մատնանշել է հանգամանքները, թե ինչ դրդապատճառով է գնացել նման քայլի, և իր հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց նա:

Ըստ տեղեկությունների, կասկածյալը 48-ամյա Արտակ Թադևոսյանն է, որը ինչի-որ խնդրի պատճառով վրեժ է լուծել Համբարձումյանից:

Սակայն մեզ հետ զրույցում վերջինս նշեց, որ նման անուն-ազգանունով անձի չի ճանաչում և նույնիսկ առերեսում չի եղել, որպեսզի հասկանա՝ ինչ-որ տեղ տեսե՞լ է նրան, թե՝ ոչ․ «Ես պնդում եմ՝ որևէ մեկի հետ անձնական ոչ մի խնդիր չունեմ, որ այդպիսի նենգություն անեին։ Թե ինչ հեքիաթ է ուզում պատմել, թե ով է հետևում կանգնած, որ ուղարկել է հեքիաթ պատմելու՝ չեմ կարող ասել»,- նշեց Կենտրոնական ավտոկայանի տնօրենը։

Դիտարկմանը՝ այսինքն՝ ենթադրություններ ունի, որ գուցե ինչ-որ մեկի ցուցումով կամ պատվերո՞վ է Արտակ Թադևոսյանը դիմել այդ քայլին, Համբարձումյանն ասաց․ «Գուցե: Քննությունը շարունակվում է, չենք կարող անուն տալ, ամեն դեպքում՝ անմեղության կանխավարկածն էլ պահենք։ Պարզապես, երբ մտածում եմ, որ նման մարդ չկա ում հետ խնդիր ունեմ, այդ դեպքում անցնում եմ մյուս վարկածին, որ գուցե մեկն ուղարկել է հեքիաթ պատմելու։ Երևի մեկը ինքն իր մեջ ինչ-որ բան խնդիր է համարել ու մեկին ուղարկել է հեքիաթ պատմելու։ Մի փոքր սպասենք, տեսնենք՝ ով է նա, հեքիաթի անուն  էլ ինչ է»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, իր տան բակում այրել էին Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ավտոմեքենան: Նշենք, որ Համբարձումյանը վերջերս է նշանակվել է ավտոկայանի տնօրեն, Նրանից առաջ այդ պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցրել է Ավտոկայանի «նայող», Նորագյուղցի Բոգո մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանի (Սիմոնյան ազգանունը փոխել է) եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը։

Ըստ խոսակցությունների, չի բացառվում նաև այս դեպքի հետ Բոգոյի առնչությունը, որի տնօրեն եղբայրն ազատվեց աշխատանքից, իսկ ինքն իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ավտոկայանի տարածքները երկար ժամանակ անօրինական օգտագործելու համար: