«Հայաստանում չպետք է հետապնդվեն բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Բոլորը վճարելու են 20 տոկոս եկամտային հարկ, ու բարձր աշխատավարձ ունեցողների համար դա նշանակում է, որ նրանց հարկերը զգալիորեն նվազելու են։ Քուչեքում նստել՝ գողականից խոսելու, հարցեր լուծելու փոխարեն բոլորը պետք է գնան համալսարաններ ու կրթություն ստանան, որ 80.000 դրամով ստիպված չլինեն աշխատել»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Աժ քառօրյա նիստի ընթացքում` շեշտելով, որ բարձր աշխատավարձ ստացող մարդն այն մարդն է, որ գնացել է, համալսարանում առավոտից իրիկուն չարչարվել, գիշերները չի քնել, գնացել է սոված ուսանողի կարգավիճակում արտերկրում կամ Հայաստանում ժամանակ է ծախսել, դարձել է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ և ստանում է 1-2 միլիոն դրամ աշխատավարձ։ Նման մարդկանց պետք է խրախուսել, որ օրինակ լինեն բոլորի համար:
Վարչապետի այս հայտարարությունը քննարկվեց սոցիալական ցանցերում` մասնավորապես՝ առաջացնելով բողոք այն մարդկանց շրջանում, որոնց աշխատավարձերը 80.000-ը չեն գերազանցում, բայց դրա համար համալսարան են ավարտել և որակավորում ստացել: ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ թեմային` ընդգծելով, որ պետական աշխատողների աշխատավարձերն իսկապես շատ մտահոգիչ են .«Հայաստանի պայմաններում այդ աշխատավարձերով անհնար է նորմալ ապրել, գոնե միջին կենսամակարդակ ապահովել: Այստեղ մենք պետք է մտածենք, որ բյուջեի միջոցներն առավել արդյունավետ ծախսվեն և կառավարությունը կարողանա քիչ ռեսուրսներով ստանալ շատ արդյունք, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել պետական աշխատողների աշխատավարձերը: Եթե մենք ուզում ենք լուրջ որակական փոփոխություններ տեսնել պետական կառավարման համակարգում, ապա պետք է այնտեղ լուրջ ռեսուրսներ ներդնենք»,- ասաց Գևորգ Գորգիսյանը` ընդգծելով, որ սովորելը խրախուսելն, իհարկե, պետք է:
Նրա խոսքով` շատ աշխատողներ կան, ովքեր չեն աշխատում լավ, բայց շարունակ բողոքում են, չեն աշխատում նաև իրենց գիտելիքները զարգացնելու ուղղությամբ և գնում են դեպի լճացում: Հարցին, թե արդյո՞ք դա պայմանավորված չէ մոտիվացիայի բացակայությամբ, որը տալիս է նաև բարձր աշխատավարձը, պատգամավորը պատասխանեց. «Ես հենց դա էի ուզում նշել, որ պետք է մոտիվացիաներ մշակել և մարդը հստակ զգա դա: Ենթադրենք՝ ես ուսուցիչ եմ երկար տարվա ստաժով, տիրապետում եմ տարբեր գիտելիքների և հմտությունների, պետք է հասկանալ` ինչպես անել, որ իմ աշխատավարձը բարձրանա: Այս առումով մեծ անելիք ունի առաջին հերթին հենց կառավարությունը»,-եզրափակեց Գորգիսյանը: