«Ղարաբաղյան բանակցային գործընթացի շղթան շարունակվեց, շարունակվեց դեպի ապագա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով մարտի 29-ին Վիեննայում Փաշինյան-Ալիև պաշտոնական առաջին հանդիպմանը:
Նրա գնահատմամբ՝ Վիեննայում կայացած բանակցությունների գլխավոր արդյունքը մեկն է` վերջապես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արարողակարգային ձևաչափում հանդիպեցին ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափի շրջանակում և բոլոր առանցքային դիտորդների վերահսկողության ներքո: Ըստ նրա՝ Բաքուն, փաստորեն, ընդունեց Նիկոլ Փաշինյանին՝ որպես լիովին լեգիտիմ զրուցակցի, որը կարելի է համարել «նոր Երևանի ոչ մեծ հաղթանակը»:
Ավելին, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենք փորձեցին չնկատել ՀՀ վարչապետի վերջին ամիսների հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ և, մասնավորապես, դրանցից գլխավորները: 1) որ հարկավոր է ևս մեկ աթոռ մոտեցնել բանակցային սեղանին ղարաբաղցիների համար, 2) որ Փաշինյանը «խաղաղությունը տարածքների դիմաց» չի փոխանակում: Վստահ եմ, որ իրադարձությունների նման ընթացքը ոգեշնչել է Նիկոլ Վովաևիչին և տրամադրել ապագա նորամուծությունների, գաղափարների այս հարցում: Նա, այսպես ասած, ստացավ միջնորդների աջակցությունը: Եվ երևում է, որ նույն պատճառով հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հորդորեց սպասել միջնորդների հայտարարությանը:«Այսպիսով՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի շղթան շարունակվեց, շարունակվեց դեպի ապագա: Չնայած մինչ սա կային որոշակի կասկածներ նրանում, թե արդյո՞ք ՀՀ վարչապետի բանակցությունների չափանիշերի վերաբերյալ, մեղմ ասած, մի շարք նկատելի հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը կհամաձայնի շարունակել գործընթացի սովորական հունը և չի օգտվի բացված «հնարավորության պատուհանից»:
Ինքը՝ Փաշինյանը, հանդիպման արդյունքը որպես բեկում չգնահատեց, սակայն Հայաստանի համար դա ըստ էության հենց այդպես էր: Ադրբեջանի փոխարեն՝ ես նման հնարավորությունը բաց չէի թողնի, բայց, ինչպես հայտնի է, մենք բոլորս գտնվում ենք մեր իսկ տեղերում:
Նշեմ մեկ այլ կարևոր դետալ: Փաշինյան-Ալիև հանդիպումն ի սկզբանե, ինչպես հայտնի է, ծրագրված էր անցկացնել Միացյալ Նահանգների տարածքում, ոչ թե Ավստրիայում: Ինչպես երևում է, Արևմուտքը որոշել է դեռ չսեղմել այս հարցի արգելակին՝ դրանով իսկ չնյարդայնացնելով Մոսկվային: Հենց այդ պատճառով ընտրվեց հանգիստ, չեզոք՝ բոլոր իմաստներով, Վիեննան, այդ թվում՝ որպես մի վայր, որտեղ տեղի էին ունեցել ապրիլյան պատերազմից հետո առաջին քննարկումները: Բայց ըստ էության տեղի ունեցավ գլխավորը` վերահսկողները, առավել ևս՝ հրապարակայնորեն, Փաշինյանից բացատրություն չպահանջեցին բանակցային գործընթացի նորամուծությունների համար, որոնք Բաքուն համարում է միանշանակ և կոպիտ կերպով ձևաչափի փոփոխություն»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:
Նրա որակմամբ՝ սրանով Երևանի դիրքերն ամրացան, իսկ Բաքուն պաուզա վերցրեց, որպեսզի գնահատի իրադարձությունների նման ընթացքը:
«Բաքվում պետք է հասկանան, որ Փաշինյանը Սարգսյան չէ, որը կնստի կլոր սեղանի շուրջ և ոչինչ չի պահանջի, չի հայտարարի: Փաշինյանը ոչ միայն ավելի բարդ բանակցող է, այլև անձ է, որը մտադիր է ինքը նախաձեռնել և ուղղորդել գործընթացները: Եթե խոսենք ընդհանուր առմամբ Վիեննայի հանդիպման մասին, ապա ես սենսացիաներ չէի ակնկալում: Բայց այն, որ Ադրբեջանը հրապարակայնորեն չբարձրացրեց որևէ առանցքային հարց, որոնք, ինչպես ասում են, «լեզվի ծայրին էին», կարելի է համարել սենսացիա»,- ասաց Տրոֆիմչուկը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։