Նազենի Ղարիբյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին միացան «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորներ Աննա Կոստանյանը և Գևորգ Գորգիսյանը։ Լրագրողների հետ զրուցում պատգամավոր Աննա Կոստանյանն ասաց, որ պաշտոնական նամակով դիմել են Մշակույթի նախարարություն, սակայն դեռ պաշտոնական պատասխան չեն ստացել։

«Դիմել էինք նախարարություն, որպեսզի իմանանք, թե որն է այս հապճեպ որոշման պատճառը։ Ասվում է, որ պատճառը օրենքի խախտումն է, բայց եթե կար օրենքի խախտում, այն պետք է վաղուց բացահայտված լիներ։ Հարցի մասին մենք տեղեկացվել ենք մամուլում տարածված նյութերից։ Չեմ ուզում ենթատեքստեր փնտրել կամ կարծիք կազմել, կարծում եմ՝ անհրաժեշտություն կլինի Նազենի Ղարիբյանին Աժ հրավիրել և լսել պարզաբանումներ»,- ասաց Կոստանյանը։

Գևորգ Գորգիսյանը նշեց, որ հարցի նման լուծումը սխալ է։

Նա հավելեց՝ «Պետք է զրուցեին տիկին Ղարիբյանն ու Կոնստանտին Օրբելյանը, հասկանային՝ կարո՞ղ են միասին աշխատել, թե՞ ոչ, ինչ գործառույթներ է պարոն Օրբելյանը կատարել և այլն։ Տարիներ շարունակ այդտեղ, կարելի է ասել, տոնածառի հանդեսներ են եղել, այսօր մենք ունենք վերածնունդ։ Ես չեմ կարող գնահատել տիկին Ղարիբյանի աշխատանքը, դա ոլորտի ներկայացուցիչները կարող են անել»,-ասաց նա։

Պատգամավորները շեշտեցին, որ անհրաժեշտության դեպքում կառաջարկեն համապատասխան օրենքի փոփոխություններ։

Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ