Օրերս Նյու Յորքում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց՝ «Տարածքներ խաղաղության դիմաց» արտահայտությունը վերաձևակերպվել է՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ողջունելի է համարում Պն նման կեցվածքը։ ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում Եղիազարյանը նշեց, որ ձևաչափը ադրբեջանական թյուրքերին ու նրանց աջակիցներին ուղղված յուրօրինակ «հանգիստ նստե՛ք տեղներդ» էր։Картинки по запросу ռազմական փորձագետ արթուր եղիազարյան

 

«Տոնոյանի խոսքը ռազմատենչ չէր, ինչպես մեկնաբանում և փորձում են շահարկել ադրբեջանական մամուլն ու Հայաստանի որոշ անձինք։ Իրականում սա խաղաղության պահպանման լավագույն արձագանքն էր Պնախարարի կողմից։ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը մեզ նետված մարտահրավեր-շանտաժ-ակնարկ էր, որը նշանակում էր՝ տվեք տարածքներ, որ խաղաղություն ունենաք, այլապես՝ պատերազմ կստանաք։ Այդ կարգախոսի դիմաց, նախարարը նոր մոտեցում դրեց, այսինքն, ոչ թե նոր պատերազմ մեր կողմից, այլ՝ եթե մեզ պարտադրեն նոր պատերազմ, ուրեմն կկորցնեն ավելի շատ տարածքներ։ Նախարարի վճռական կեցվածքը ողջունելի էր, հատկապես որ շարունակելով խոսքն ասաց, որ պետք է գրոհային ստորաբաժանումները մեր բանակում ավելացնենք։ Տոնոյանը, կողմնակից լինելով խաղաղության, ուղղակի հասկացրեց՝ հանգիստ նստեք տեղներդ, պատերազմով մեզ չեք վախեցնի, հակառակը՝ հանկարծ մտքներովդ անցնի պատերազմի, նոր հարձակման լեզվով մեր հետ խոսել` ոչ միայն չենք վախենում, այլ հակառակը, այնպես դաս կտանք, որ ոչ միայն կզղջաք ձեր անխոհեմ քայլի համար, այլ՝ նորանոր տարածքներ կկորցնեք։ Այսինքն՝ ձեր հարձակմանն այսուհետ ոչ թե պաշտպանությամբ կդիմակայենք, այլ՝ կանցնենք միանգամից հակահարձակման։ Այսինքն, այն իր բնույթով հարձակվողական չէր և բխում էր պաշտանությունից»,-ասաց Եղիազարյանը։

Նշենք, որ Տոնոյանի հայտարարությունը հաջորդեց Վիեննայում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը։ Իրադարձությունների հաջորդականության միջև ինչ-որ կապ տեսնո՞ւմ է՝ հարցին ի պատասխան Եղիազարյանն ասաց, որ միանշանակ ասել չի կարող, քանի որ տեղեկության պակաս կա․ «Կարծում եմ՝ մեկը մյուսին չխանգարող գործընթաց էր։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը միայն բանակցությունների միջոցով է հնարավոր և դրա զարգացումը նաև Պնախարարի խոսքն է՝ եթե փորձեն այլ լեզվով խոսել, ապա կստանան պատասխան։ Սակայն, ըստ հրապարակված տեղեկությունների, ակնհայտ երևում էր նաև, որ չի քննարկվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի փաստաթղթերը, որոնք սահմանի վերահսկման, տեխնիկական վերազինման և զինադադարի պահպանման մասին էին։ Փաշինյան-Ալիև բանակցությունների և Պաշտպանության նախարարի հայտարարության կապը այստեղ կարելի է տեսնել։ Քանի որ Սանկտ Պետերբուրգում և Վիենայում եղած առաջարկների շուրջ քննարկումներ չեն եղել, նշանակում է, որ ամեն պահին Ադրբեջանը կարող է խախտել կարգը, ուստի դրան հետևել է Պաշտպանության նախարարի խոսքը, որը հստակ հասկացնում է հակառակորդին՝ այլ լեզվով չփորձեք խոսել»,- նշեց Եղիազարյանը։

Սոնա Հարությունյան