Այսօրվա թոփ թեման Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի կողմից Կոնստանտին Օրբելյանին Օպերայի թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանին հաջորդած՝ Ղարիբյանի հրաժարականի պահանջն էր: Նազենի Ղարիբյանը Օրբելյանին ազատելու հիմք է տեսել վերջինիս կողմից հայերեն լեզվին չտիրապետելն ու միաժամանակ երեք՝ գեղարվեստական ղեկավարի, գլխավոր դիրիժորի և տնօրենի պաշտոնները զբաղեցնելը, ինչն օրենքով արգելվում է:
Հասարակության մի մասը Մշակույթի նախարարի պաշտոնակատարի այս որոշումը որակեց անհիմն ու չմտածված, մշակույթի ոչնչացմանն ուղղված հերթական քայլ: Ոմանք նորմալ վերաբերվեցին՝ հասկանալով, որ նշանակումը օրենքի խախտումով է եղել, սփոփվեցին այն հանգամանքով, որ Օրբելյանը դուրս չի գալու թատրոնից ընդամենը զբաղեցնելու է օրենքով սահմանված միայն մեկ պաշտոն: «Որպես գեղարվեստական ղեկավար հնարավոր չէ՞ բուռն վերելք ապահովել, թե՞ պարտադիր պիտի տնօրենի պաշտոնում էլ լինի»,- գրում էին ֆեյսբուքի օգտատերերը: Որոշներն էլ խնդրի լուծման տարբերակ էին տեսնում օրենքը փոխելը:
Սակայն այս ամենից դուրս՝ հասարակության որոշ հատվածն էլ այս իրադարձությունը համարեց Փաշինյան-Ալիև հանդիպումից խոսակցությունները շեղելու ձև:
Սրան հետևեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահության պահանջը՝ Նազենի Ղարիբյանի անհապաղ հրաժարականը։ Նրանք այս պահանջով ոչ միայն բաց նամակ էին հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլև մշակութային բազմաթիվ գործիչների հետ կառավարության դիմաց էին:
Համացանցում քննարկումները հասան նաև վիրավորանքների՝ ոչ միայն Նազենի Ղարիբյանին ուղղված խոսքերի, այլև ծաղրանկարների միջոցով: Օգտատերերը վերջինիս կերպարը հաճախ նմանեցնում են «դալմատինեց» տեսակի շների մասին ֆիլմի գլխավոր հերոսուհուն, թերևս մազերի տարբերվող գույնի պատճառով:
Ստորև ներկայացնում ենք փոքրիկ քաղվածք համացանցից, թե ինչպես են մարդիկ քննադատում ու ծաղրում Մշակույթի նախարարի պարտականություններ իրականացնող Ղարիբյանի վերաբերյալ: