2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո հակառակորդի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Ապրիլյան պատերազմ կամ Քառօրյա պատերազմ։ Առավել թեժ մարտեր են ընթացել ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիս-արևելյան (Մարտակերտ) ուղղություններով։
- Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
- Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց՝ հայկական պաշտոնական աղբյուրները հայտնել են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։
- Ժամը 10։00-ի կողմերը Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։
- Կեսօրին Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել:
- Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։
- Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին, հայտարարություն է տարածել, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։
- ԼՂՀ ՊԲ-ն հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները Թալիշի (Արցախ) ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։
- Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։
- Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։
- Ադրբեջանական զինուժը կիրառել է ծանր տեխնիկա, այդ թվում նաև՝ ՀԿՌՀ հրանետեր և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Սակայն հայ հրետանավորները շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ։
- ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ։ Ավտոբուսի մեջ են եղել նաև երկու գյուղապետ:
- Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
- Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:
- Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։
- Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամ 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը։
- Ժամը 18։30-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան (Թալիշի) ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում Ադրբեջանի զինված ուժերի ականանետային կրակից մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1974թ․ ծնված Արմեն Կառլենի Գասպարյանը։
- Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։ Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել:
- Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։
- Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում։ Հայկական կողմին հանձնվել է 18 զինծառայողի մարմին։
Կողմերի զոհերի, վիրավորների և մարտական կորուստների թիվը՝ ըստ ժամանակագրության.
2016թ. ապրիլի 2-ի դրությամբ Ադրբեջանի մարտական կորուստներն էին՝ 3 տանկ, 3 ՀՄՄ, 2 ուղղաթիռ, 2 անօդաչու սարք, 200 զինծառայող, այդ թվում՝ 40 հատուկջոկատային, հայկական կողմն ուներ 18 զոհ և 35 վիրավոր: Ապրիլի 4-ի դրությամբ հայկական կողմի կորուստները կազմել են՝ 20 զոհված զինծառայող, որից 6-ը` սպա-ենթասպա, 72 վիրավոր զինծառայող, որից 8-ը` սպա-ենթասպա, զոհված 4 քաղաքացիական անձ, որից 1-ը՝ երեխա: Ապրիլի 1-6-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմի կորուստները կազմել են՝ 110 զոհ և 121 վիրավոր: