«Յուրաքանչյուր մետրի համար այնտեղ արյուն է թափվել, չենք կարող հենց էնպես հողեր տալ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց մահապարտների գումարտակի «Դեդը»՝ Սերգեյ Վարդանյանը:
«Պատերազմի ժամանակ ամենակարևորը ոգին է: 1992 թվականին մահապարտները հաղթեցին, 2016-ին միացանք էն մեր երիտասարդությանը, ովքեր մեր շարունակությունն են: Մեր մեջ հղացած միտքը իրենք շարունակեցին ավելի լավ ձևով, քան մենք այն ժամանակ: Տարիներ առաջ մեր զենքը որսորդական հրացանն ու ռագատկան էին, հիմա զինմթերքի տեսակներ ունենք: Քառօրյայի տղաները ապացուցեցին, որ մեզնից առավել են»:
Հարցին՝ ո՞րն է խաղաղության ճանապարհը, Վարդանյանը պատասխանեց՝
«Պատերազմի օրենքով, մինչև հակառակորդ երկիրը կապիտուլյացիայի չի ենթարկվում, խաղաղություն չի լինում: Հիմա էլ մենք պատերազմի մեջ ենք: Էնպես չի, որ մենք հաղթել ենք, մենք դեռ երկար ճանապարհ ունենք հաղթելու համար: Պատերազմը շարունակական է այնքան ժամանակ, մինչև որևէ կողմում կապիտուլյացիա չհաստատվի: Իհարկե, մենք պատերազմի ցանկություն չունենք»:
Պաշտպանության նախարարի հայտարարությանն անդրադառնալով՝ Մահապարտների ջոկատի Դեդն ասաց՝
«Պաշտպանության նախարարը շատ խելացի բան է ասել: Եռաբլուրում են այն տղաները, ովքեր ընկել են հանուն այդ հողի: Դրա համար մենք իրավունք չունենք հողեր հանձնելու: Յուրաքանչյուր մետրի համար արյուն է թափվել, չենք կարող հենց էնպես հող տալ: Ինչքան էլ տվել ենք, պետք է հետ բերենք»:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝
«Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ: Մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»:
Նրա խոսքով՝ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, բայց ոչ զիջումներ: Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները:
Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ