ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները շարունակում են հանրությանը զարմացնել սեփական կրեատիվով: Օրինակ, պատգամավորներից Սերգեյ Մովսիսյանը չի բացառել, որ ղազախների օրինակով Հայաստանի մայրաքաղաքն էլ կարող է անվանափոխվել: Ի դեպ, անվանափոխության տենդով իմքայլականներից հետ չի մնում նաև նրանց ընդդիմությունը, մասնավորապես, Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանն առաջարկում է Երևանի կենտրոնի երեք փողոցների անվանումների դիմաց ավելացնել «սուրբ» բառը։ Նա շրջանառության մեջ է դրել 3 նախագիծ, որոնցով առաջարկում է անվանափոխել Կենտրոն վարչական շրջանի երկու փողոցների՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի անունները: Տվյալ նախագծերով առաջարկվում է Գրիգոր Լուսավորիչ փողոցն անվանափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» փողոց, Մաշտոցի պողոտան՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» պողոտա և Մովսես Խորենացու փողոցը՝ «Սուրբ Մովսես Խորենացու» փողոց:
Ավելորդ ենք համարում անգամ նշել, որ թե՛ օրենսդիր մարմնում, թե՛ ավագանիում հանգրվանած սույն տիկնայք ու պարոնայք շատ ավելի կարևոր գործեր ունեն, քան փողոցների անվան մեջ մասնիկներ ավելացնելը, հատկապես, որ այդ փողոցները կորած են աղբի մեջ և այդ փողոցների վրա են գտնվում դեռևս իշխանությունների պատշաճ ուշադրությանը չարժանացած մահվան վերելակներով շենքերը, սակայն շատ ավելի հեշտ է աշխատանքի բուռն իմիտացիա անել հենց «թիթեռ նկարելով»:
Ի դեպ, կհիշեք, որ հեղափոխության օրերին, երբ Սերժ Սարգսյանը ակնհայտորեն գնում էր երրորդ ժամկետի, Նիկոլ Փաշինյանը և հեղափոխության մյուս լիդերները հայտարարում էին, թե մենք Թուրքմենստանի վերածելու երկիր չունենք: Իհարկե, նրանք նկատի ունեին, որ Հայաստանին հավերժ ղեկավարներ պետք չեն: Ղազախստանի ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը որևէ կերպ Թուրքմենստանի ղեկավարից չի տարբերվում, սակայն կարծես թե Ղազախստանի վերածելու հայրենիք այսօր արդեն ունենք…