Ինչպես հայտնի է՝ Հանրային ռադիոյի տնօրենէ ընտրվել ռադիոհաղորդավար Գարեգին Խումարյանը։ Մինչ ընտրությունը, Հանրային ռադիոյի աշխատակիցներն հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով՝ ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ են կոշտ քայլերի։
ԼՈՒՐԵՐ․com—ը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովի քարտուղար Լևոն Գալստյանից հետաքրքրվեց՝ ընտրությունից դժգոհություններ կա՞ն, ինչին ի պատասխան Գալստանն ասաց՝ ամեն ինչ կկարգավորվի․ «Կարծում եմ՝ կլինի փոխհասկացողություն և մարդիկ կանցնեն հանդարտ, կանոնավոր աշխատանքի։ Անհանգստություններ կան, դուք վկայակոչեցիք այդ հայտարարությունը, բայց քննարկման, փոխադարձ վստահության, նորմալ աշխատանքային պայմաններում հարցերը պետք է լուծվեն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Գարեգին Խումարյան-2, Հռիփսիմե Առաքելյան-1, Տիգրան Հարությունյան-1, Գրիգոր Նազարյան-1:
Հարցին՝ Գարեգին Խումարյանը թեկնածուներից լավագո՞ւյնն էր, Գալստյանն ասաց, որ փակ քվեարկությամբ է որոշվել հաղթողը և իր կողմից կոռեկտ չի լինի գնահատականներ տալ, քանի որ ինքը մրցութային հանձնաժողովի անդամ է։
Խոսակցություններ կային, որ Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունը հետաձգվում էր՝ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի ընտրությունով պայմանավորված, որպեսզի ընտրվեր ՀՌԽ նախագահ և այսպես ասած, նրա հետ համաձայնեցվեր Հանրային ռադիոյի տնօրենի ընտրությունը։ Մինչ ընտրության օրը, որպես Հանրային ռադիոյի տնօրենի հավանական թեկնածու՝ շրջանառվում էր Գարեգին Խումարյանի անունը և ըստ հրապարակումների՝ նա օրերս ՀՌԸ խորհրդի նախագահ ընտրված Արա Շիրինյանի մտերիմն է: Դիտարկմանն ի պատասխան Գալստյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի և ոչինչ ասել չի կարող․ «Եթե նույնիսկ այդպես է, ապա դա ոչ մի կապ չունի մրցույթի արդյունքների հետ։ Պարզապես ընտրությունների ժամկետները համընկան։ Մյուս կողմից, դա հնարավորություն տվեց մեզ լսելու և տեղյակ լինելու ռադիոյի տնօրենի վերաբերյալ խորհրդի նախագահի պատկերացումների, տեսլականի մասին, ոչ թե անձի։ Իսկ անձին որոշել է հանձնաժողովը, տարբեր թեկնածուներ են եղել, նաև այլ թեկնածուների են ձայներ տրվել, ուղղակի մրցույթի արդյունքներով անցել է Գարեգին Խումարյանը»,- նշեց Գալստյանը։
Սոնա Հարությունյան