Այսօր՝ ս.թ. ապրիլի 4-ին, «Գյումրին առանց տնակների» հոգաբարձուների խորհրդի նախագահին և անդամներին տեղյակ է պահվել, որ հիմնադրամի խորհրդի կողմից հեռացված տնօրեն, իրեն արդարության առաջամարտիկ հորջորջող Մհեր Խաչատրյանը, լինելով Գյումրու տնակների ապամոնտաժումը և տարածքի ազատումը հաստատող հանձնաժողովի անդամ, հիմնադրամի անունից ստորագրել է կեղծ փաստաթղթերի տակ, մասնավորապես.

Ս.թ.մարտի 18-ին  237/032 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման մասին ստորագրել է ակտը, որի տնակը կիսաքանդ է, իսկ տարածքը՝ չմաքրված: Կից ներկայացվում է այսօր՝ ապրիլի 4-ին կատարված լուսանկարը:

Ս.թ. մարտի 25-ին ստորագրել է հետևյալ 159/109 տնակի ազատման ակտը՝ կից ներկայացնում ենք հանձնաժողովի որոշ անդամների կողմից ստորագրված ակտը և ամբողջական տնակի՝ այսօր՝ ապրիլի 4-ին կատարված լուսանկարը:

Ս.թ. մարտի 25-ին որպես 159/330 տնակի ապամոնտաժման և տարածքի ազատման փաստ՝ ստորագրել է այնպիսի տնակի ազատման ակտ, որի տեղում այժմ կառուցված է երկհարկանի բնակարան, իսկ սեփականատերը, ըստ շրջանառվող լուրերի, ևս մեկ բնակարան է ստանալու՝ հիմնվելով տնակի ազատման փաստի վրա: Կից ներկայացվում է հանձնաժողովի որոշ անդամների կողմից ստորագրված ակտը և երկհարկանի առանձնատան լուսանկարը: Այստեղ առկա են կոռուպցիոն մեծ ռիսկեր: