Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարաչպետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: