Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի անձնագիրը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Աննա Դանիբեկյանը:
Միջնորդությունը դատարանում ներկայացրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, որին առարկեց մեղադրող Աբգար Առաքելյանը՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է:
Նա նաև հիշեցրեց այն փաստը, որ մեղադրանք առաջադրելուց հետո Հայկ Սարգսյանը որոշել է լքել ՀՀ սահմանը և նա կարող է խուսափել գործի քննությունից:
Դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը:
«Եթե Հայկ Սարգսյանը խախտի այդ պայմանը, ապա գումարը կբռնագանձվի, իսկ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցն էլ կփոխվի կալանքով»,- նշեց դատավորը:
Գործով վկա Արթուր Ղևոնդյանի գտնվելու վայրը պարզելու համար դատարանը կդիմի համապատասխան մարմիններին, իսկ վկա Լարա Առաքելյանը ևս մեկ անգամ կծանուցվի նիստի վերաբերյալ, չներկայանալու դեպքում նոր միայն կկայացվի բերման ենթարկելու որոշում:
Հաջորդ դատական նիստը կկայան մայիսի 16-ին ժամը 15:00-ին:
Հայկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Վերջինս, հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին 50 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակվել: