ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստի ընթացքում քննարկվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի առաջարկած օրինագիծը։
Նախագծով առաջարկվում է Իրանից ներմուծվող ցեմենտի 1 տոննայի համար հարկաչափ սահմանել 22.000 հազար դրամ, որի արդյունքում, բնականաբար, ներմուծողը կբարձրացնի վաճառվող ցեմենտի գինը՝ խթանելով տեղական արտադրության ցեմենտի վաճառքին։ Դրական և բացասահան արձագանքների, առաջարկների և քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախարարի առաջարկած օրինագծին՝ սահմանելով օրենքի մեկ տարվա կիրառություն, որից հետո հասկանալի կլինի, թե վերջնարդյունքը որքանով է նպաստել տեղական արտադրությանը և Հայաստանի տնտեսության զարգացմանը։
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ համաձայն է տեղական արտադրությունը խթանելուն, բայց դա չպիտի լինի սպառողի հաշվին։ «Նախարարության առաջարկած տարբերակով ներմուծվող ցեմենտի և տեղական արտադրության ցեմենտի գնային տարբերությունն այնքան բարձր է, որ ստացվում է մոտ երկու անգամ ավել գումար։ Կարծում եմ, որ ճիշտ չէ ստիպել սպառողին վճարել 22. 000 դրամ ավել գումար ներմուծելու համար»,-ասաց պատգամավորը։
Հարցին, թե ինչ արդյունավետ առաջարկ ունի ինքը, Եղիշե Սողոմոնյանը պատասխանեց․ «Ես առաջարկում եմ, որ մենք ազատ շուկայական հարաբերություներ սահմանենք, թվեր և սահմանափակումներ չդնենք և զարգացնենք այն ոլորտները, որտեղ ունենք մրցակցություն»,- եզրափակեց Եղիշե Սողոմոնյանը՝ հավելելով, որ սպառողի վրա դնելով այդ հարկաչափը. մեկ տարում մոտ 14 միլիարդ կգոյանա, որով կարելի է մի քանի նորագույն տեխնոլոգիաներով գործարաններ կառուցել։
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ