«Մենք առաջարկում էինք դուրս մնացած կառույցներին բերել կառավարության կառուցվածք, իսկ պետական կառավարման մարմինների մասին օրենքի դրույթները, որոնք այժմ կան, ուժը կորցրած ճանաչել: Սա «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկն է, որը Հայաստանի Հանրապետության միասնական ընդդիմության, հասարակական կազմակերպությունների, իրավապաշտպան կառույցների, հակակոռուպցիոն կազմակերպությունների պահանջն է եղել միշտ, բայց այսօր խորհրդարանում մերժվում է ժողովրդավար իշխանության կողմից»,-այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության կառուցվածքի վերաբերյալ իրենց առաջարկած նախագծի մերժմանը:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այսօր իշխող մեծամասնությունը դեմ է մի բանի, որի կողմնակիցն է եղել տարիներով: Անդրադառնալով Լիլիթ Մակունցի առաջարկին, որ ԱԱԾ-ից և ոստիկանությունից ներկայացուցիչներ հրավիրվեն խորհրդարան և միասին քննարկեն իրենց կառույցների վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը, Մարուքյանը նշեց, որ դա անիրագործելի է: «Հնարավոր չէ գրել նոր օրենքներ և Ազգային ժողովին նոր լիազորություններ տալ, այլ պետք է այս օրինագծի մեջ փոփոխություններ անել և այդ մարմիններին տալ նախարարությունների կարգավիճակ: Այդ առաջարկությունը մեր գաղափարը երկարատև թաղելու, հետաձգելու, ականջի հետև գցելու միջոց է: Ստացվում է, որ իրենք իբր թե համաձայն են վերահսկողական ֆունկցիաների ավելացմանը, բայց գնանք սահմանադրությունը փոխենք, այսինքն՝ մի- երկու տարի գնանք քննարկենք»-ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, թե ինչու Ազգային ժողովի ամբիոնից կոստյումի պատկերավոր օրինակով համեմատեց Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը. «Նույն կոստյումն է, մի փոքր փոփոխություններով: Ես կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ է սուպերվարչապետական կոստյումին, այդ մասին նա միշտ ասել է և դրա համար պետք փոխել կոստյումը»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` վարչապետին դիմելու է այն հարցով, թե ինչու իր տված խոստումները չի կատարում և չի փոխում սուպերվարչապետական կոստյումը, և այդ հարցը պահելու է ամենաբարձր հարթակներում: