Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է երկու՝ Արմավիրի և Էջմիածնի ջրօգտագործողների ընկերություններում իրականացվող ուսումնասիրությունը։ Երկու ընկերությունում էլ հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ դրամի խախտումներ, վերականգնման է ենթակա 2 մլրդ դրամի գումար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։
Նա, անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին՝ հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է․ «Ես համաձայն չեմ մեղադրանքի հետ, և այն վիճարկվելու է համապատասխան իրավական ընթացակարգերով։ Իմ կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին։ Այո՛, հարցաքննվել և առերեսվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է։ Որևիցե մեկը, որևիցե կառույցը չի կարող ինձ կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ։ Գերեզմանում էլ լինեմ՝ իմ անունը պայքարելու է դրա դեմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ երբեք չի կարող պատահել, որ ինքը թաթախվի կոռուպցիայի մեջ։
Նրա խոսքով՝ փորձ է արվում ստեղծել մի իրավիճակ, էմոցիոնալ դաշտ, թե ինքը պետք է դուրս գա երկրի վարչապետի դեմ․ «Նման բան չի կարող լինել, քանի որ ես վստահում եմ երկրի վարչապետին, դրա համար ես այստեղ եմ։ Ես գիտեմ, որ չի կարող այնպես լինել, որ երկրի վարչապետը իմ նկատմամբ քաղաքական հետապնդման պատվեր տված լինի»,- ասաց Սանասարյանը՝ նշելով, որ այս պահին բացառում է դա։
Նշենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Ըստ տեղեկությունների՝ Դավիթ Սանսարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։