Ապրիլի 18-ի Ազգային ժողովի նիստում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացումներ անելու մասին քննարկմանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնալով միջնորդ կազմակերպություններին՝ նշեց. «Տասնյակ հազարավոր մարդիկ վարկեր են վերցրել և այդ վարկերը չեն մարվելու, որովհետև հենց վերցնելու պահից իրենք որոշել են, որ չմարեն: Սա ազդելու է մեր տնտեսության վրա: Ես որպես առաջարկություն կխնդրեմ երկրորդ անգամվա համար 4 տարի ժամանակահատվածը ընդհանրապես վերացնել և մի քանի անգամ կրկնվելու դեպքում՝ քրեականացնել»:
Քննարկման առարկա դարձած առաջարկի մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հետ։
- Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Հովիկ Աղազարյանի առաջարկությունը։ Համամի՞տ եք նրա տեսակետին:
- Ես այսպես եմ հասկացել Հովիկ Աղազարյանի խոսքը, որ միջնորդ կազմակերպությունների 3-րդ խախտումի դեպքում գործը քրեականացվի։ Խոսքը չի վերաբերվում վարկը չվճարողներին, քանի որ դա քաղաքացիաիրավական հարաբերությունների և ֆինանսական վճարունակության հարց է և չի կարող քրեականացվել։ Եթե մենք խոսում ենք օրինական կարգով, պայմանագրով վարկ վերցնելու մասին, ապա այս պարագայում տեղին չէ անգամ խոսել քրեականացման մասին։ Իսկ երբ իրականացվում են շինծու գործարքներ, խարդախություն, ապա սա բացարձակ այլ հարթություն է և կարգավորվում է այլ հոդվածով։ Ինչ վերաբերվում է իմ կոլեգայի առաջարկությանը՝ ապօրինաբար վարկ խոստացող և սպառողների շահերը ոտնահարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն, ապա խնդիրն այն է, որ քրեական պատասխանատվության սուբյեկտ կարող է հանդիսանալ միայն ֆիզիկական անձը։ Իսկ եթե գործ ունենք նման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձի հետ, ապա չենք կարող իրավաբանական անձին քրեական պատասխանատվության ենթարկել։ Խոսքը գնում է միայն ֆիզիկական անձերի մասին։ Վարկատու-վարկառու հարաբերություններում չի կարող քրեական որևէ բան լինել։ Աշխատում էի` մարում էի, հիմա աշխատանքս կորցրել եմ` չեմ կարող մարել։ Իրավասու են դիմել դատարան, բռնագանձում տարածվի դատարանի որոշմամբ, այսինքն` քրեականի մասին խոսք լինել չի կարող, եթե չկա խարդախություն և օրենքի խախտում։
- Ինչպե՞ս կարող է ազդել վարկ չմարելը տնտեսության վրա։
- Կան անբարեխիղճ մարդիկ, ովքեր վարկ են վերցնում, իմանալով, որ չեն կարող վճարել, բայց դա արդեն ֆինանսական վճարունակության հարց է։ Բնականաբար, չվճարված վարկերը դասակարգվում են և հետագայում, նոր վարկեր վերցնելիս, խնդիրներ են առաջանում։ Մյուս կողմից՝ չաշխատող վարկերը հաշվառվում են բանկերի կողմից և որպես կորուստ, որը կրում է ֆինանսական ընկերությունը, ներառվում է տոկոսների մեջ։ Քանի որ դրանք նպաստում են տոկոսադրույքի մեծությանը, որն էլ ազդում է տնտեսության զարգացմանը՝ ցանկալի չէ, որ նման դեպքերը շատ լինեն։ Սուբյեկտիվ տեսնակյունից,որքան փոքր լինի այդ տոկոսադրույքը, այդքան ավելի լավ՝ տնտեսության համար։
Ասպրամ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ