Շիրակի մարզի Ողջի համայնքում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու կախված դին: Տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը՝ նշելով, որ մահացած Մանվել Սողոմոնյանը ինքնասպանություն գործելու մտադրության մասին հայտնել է կնոջ քրոջը, որն էլ ահազանգել է ոստիկանություն, իսկ որդուն կախված վիճակում հայտնաբերել է մայրը:

 

«2 օր առաջ ինձ զանգեց մեր գյուղի ոստիկանության տեսուչը, ասաց, որ Մանվել Սողոմոնյանը դրա մասին հայտնել է քենուն ու խնդրեց ինձ, որ զրուցեմ ու հետ պահեմ Մանվելին էդ մտադրությունից։ Զանգեցի եղբորը, որ կանչեմ մեր տուն՝ զրուցենք, հեռախոսը անջատելուց անմիջապես հետո իմացա, որ Մանվելը կախվել է»,- նշեց Մկրտչյանը։

 

Գյուղապետը պատմեց, որ Մանվել Սողոմոնյանը 5 տարի Ռուսաստանում հովիվ է աշխատել: Խելացի, աշխատասեր տղա է եղել, դեկտեմբերին վերադարձել է Հայաստան, 3 ամիս առաջ՝ հունվարին էլ ամուսնացել է:

Հարցին՝ հնարավո՞ր է ընտանեկան անախորժությունների պատճառով է դիմել այդ քայլին, Մկրտչյանը պատասխանեց. «Իրենց հարցրի, ասի՝ նորմա՞լ էր ձեր տանը, խոսք-խորաթա չկա՞ր, ասին՝ չէ: Կինը Աշտարակից է, ադաթի համաձայն դարձ է գնացած եղել հայրական տուն:  Բայց փաստորեն, Մանվելը միշտ զանգել, ասել է հետ արի, բայց կինը չի ուզեցել գա»,- ասաց գյուղապետը: 

Նշենք, որ ինքնասպանության վարկածը նախնական է, իրավապահները քննություն են տանում։