Սիրիայում Տարտուսի ծովային նավահանգիստը առաջիկա շաբաթվա ընթացքում 49 տարով վարձակալությամբ կտրվի Ռուսաստանին՝ տրանսպորտային-տնտեսական օգտագործման համար։ Այս մասին նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման արդյունքում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

2017թ․ Ռուսաստանը եւ Սիրիան ստորագրել են Տարտուսում 49 տարով ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման ռուսական կետ տեղադրելու մասին համաձայնագիր։

«Գլխավոր հարցը, որը պետք է դրական առաջընթաց ապահովի, Տարտուսի նավահանգստի հարցն է։ Այցը ամրապնդեց բոլոր պայմանավորվածությունները»,- ասել է Բորիսովը։

Նրա խոսքերով, այս որոշումն ընդունվել է դեռեւս 2018թ․ դեկտեմբերին միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ։

Բորիսովը կարծում է, որ այս քայլը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ ապրանքաշրջանառության համար։ «Ես հուսով եմ, որ դա կլինի, առաջին հերթին, սիրիական տնտեսության օգտին»,- ասել է փոխվարչապետը։