Հայաստանն այն կամքը, որն ունի, պիտի շարունակի պահպանել և Ցեղասպանության ճանաչման կոչեր անի ամբողջ աշխարհին: Այս մասին Ծիծեռնակաբերդում հայտարարեց հայ գաղթականների ընտանիքի անդամ Դանիել Քոկչյանը, որը ժամանել է Ֆրանսիայից:
Նրա խոսքով` Ֆրանսիայի երիտասարդները փափագում են գալ և ապրել Հայաստանում. «Որքան էլ փափագեն վերադառնալ Հայաստան, նրանց ծնողները հաստատված են Ֆրանսիայում: Իրենց համար որքան էլ դժվար լինի, նոր սերունդ են, իրենց ամեն ինչը կապված է Ֆրանսիայի ներկայի հետ»,-ասաց Դանիել Քոկչյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե ինչպես ընդունեցին ֆրանսիացիները այն լուրը, երբ նախագահը հայտարարեց, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում էլ է սգո օր հայտարարված և հայերի հետ միասին մասնակցում են Ցեղապանությանը նվիրված միջոցառումներին, Դանիել Քոկչյանը պատասխանեց. «Շատ նորմալ վերաբերվեցին նախագահի հայտարարությանը: Հայերը հաստատված, հարգված և սիրված են Ֆրանսիայում: Ֆրանսիացիները ևս մասնակցում են հայերի ցեղասպանությանը նվիրված միջոցառումներին և հարգանքի տուրք են մատուցում»,-ասաց ֆրանսահայը` հավելելով, որ այսօր Ֆրանսիայում ևս այսպիսի մթնոլորտ է տիրում` ինչպիսին Հայաստանում է: