Հանրապետական կուսակցության ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը մեր գերագույն խնդիրը համարում է Հայոց ցեղասպանության միջազգային հանրության կողմից ճանաչումը:
«Ներկա և նախկին իշխանություններ այս հարցում չկան: Այս հարցում կա միասնական հայ ժողովուրդ, և ժխտողականությունը մերժող ամբողջ աշխարհի ժողովուրդ: Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է լինի միջազգային հանրության ճնշման ներքո»,- ասաց Բաղդասարյանը:
Վիգեն Սարգսյանը ցեղասպանության կանխարգելման պայքարում պարտավորվածություն է տեսնում աշխարհի այլ ժողովուրդների նկատմամբ:
«Մենք այն երկիրն ու ժողովուրդն ենք, որը վերապրած լինելով ցեղասպանության հանցագործությունը, պետք է երբեք չդադարի պայքարել այդ հանցագործության կանխարգելման գործի համար: Մենք պարտավոր ենք դա անել աշխարհի այլ ժողովուրդների ու երկրների համար, որովհետև մեր օրերում մենք ականատես եղանք նոր ցեղասպանությունների: Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, որը պահանջում է կանխարգելում, և մենք պետք է լինենք այդ կանխարգելման դրոշակակիրը: Դա բուն անվտանգային խնդիր է, որը սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը, և այսօր սպառնում է աշխարհի շատ ժողովուրդներին»,- նշեց Սարգսյանը:
Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:
Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը: