Գեղարքունիքի մարզում 2019 թվականի ապրիլի 25-ի գիշերային ժամերին կրկին ձյուն է տեղացել: Ըստ առանձին համայնքներից ստացված տվյալների, առավոտյան ժամը 9-ի դրությամբ ձյան շերտը կազմել է 7-10 սանտիմետր: Տեղացած ձյան պատճառով ընդհատված են մնում գարնան գյուղատնտեսական, ինչպես նաեւ ճանապարհաշինական աշխատանքները:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյուն տեղացել է մարզի բոլոր տարածաշրջաններում՝ Գավառում, Վարդենիսում, Սեւանում, Ճամբարակում ու Մարտունիում: Առավոտյան ժամերի արեւային եղանակի ազդեցության տակ այն սկսել է հալվել, ինչը նպաստել է ճանապարհների անցանելի վիճակի պահպանմանը: Դժվարանցանելի վիճակ է Վարդենյաց լեռնանցքում, որտեղ ձյան շերտը կազմել է 15-20 սանտիմետր: «Ճանապարհների անցանելի վիճակը պահպանվում է, օրվա ընթացքում դրանք լրիվ ազատված կլինեն ձյան ծածկույթից: Մտահոգողն այն է, որ տեղումնառատ եղանակների պատճառով ձգձգվում են փոսային նորոգումների աշխատանքները»,- նշեց Գեւորգ Խաչատրյանը:
Գեղարքունիքի մարզում գործող անասնապահական ֆերմերային տնտեսությունների ղեկավարների կարծիքով՝ ապրիլին հաճախակի տեղացած ձյան պատճառով արոտի շրջանը ցածրադիր գոտիներում կսկսվի մոտ 10, լեռնային գոտիներում՝ մոտ 1 ամիս ուշացումով: