2019 թ․ ապրիլի 23-ին ավարտվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործի նախնական դատական նիստը։ ԼՈՒՐԵՐ․com-ի զրույցում Սեդրակ Քոչարյանի փաստաբան Անի Ալավերդյանը նշեց, որ դատարանը հստակ սահմանել է, որ Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները պետք է կրեն փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը։

«Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ 2018 թ․ սեպտեմբերի 11-ին Արթուր Վանեցյանի կողմից կատարված արտահայտությունները հանդիսանում են փաստացի տվյալներ և չեն համարվում զրպարտություն։ Կարծում եմ՝ պատասխանող կողմի համար բավականին դժվար կլինի ապացուցել այդ պնդումները, քանի որ 2019 թվականի փետրվարի 21-ին Արթուր Վանեցյանն արդեն իսկ հայտարարել է, որ իր խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձևակերպված, և որի համար պարզաբանում է տվել»,- ասաց նա:

Անի Ալավերդյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները արտացոլվել են նաև ԱԱԾ կողմից 2019 թ․ փետրվարի 19-ին տարածված հաղորդագրության մեջ, իսկ արդեն ապրիլի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել է, որ այն խախտում է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ 

«Մամլո ասուլիսի ընթացքում հրապարակայնորեն հնչեցված արտահայտություններով արդեն իսկ խախտվել էր Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը, այսինքն, այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը»,- նշեց Ալավերդյանը։

Նշենք, որ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչներն արդեն իսկ ներկայացրել են ապացույցներ, որ պատասխանողի կողմից կատարված հրապարակային հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սեդրակ Քոչարյանն Արթուր Վանեցյանից 2 մլն դրամի չափով փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջել զրպարտության դիմաց: