ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը այսօր՝ ապրիլի 25-ին, ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը, ինչպես նաեւ իր պաշտոնավարման նախընթաց վեց ամսվա գործունեությունն ու առաջիկա անելիքները:

Պաշտպանը հայտնել է, որ հաշվետու տարում 159 անձանց կողմից ՄԻՊ հաստատություն է ներկայացվել 138 դիմում, որոնցից 78-ը՝ գրավոր, իսկ 60-ը՝ բանավոր: Դիմումները վերաբերել են հիմնականում սոցիալական ապահովության, սեփականության, ազատ տեղաշարժի, աշխատանքային, արդար դատաքննության, պատշաճ վարչարարության, առողջության պահպանման, հավաքների ազատության, երեխաների եւ մի շարք այլ իրավունքների:

Արտակ Բեգլարյանն անդրադարձել է հարկադիր պահման վայրերի պայմաններին, ազատությունից զրկված, փախստական, հաշմանդամություն ունեցող անձանց եւ այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրներին: Նա ներկայացրել է նաեւ Պաշտպանի միջամտությամբ խախտված իրավունքների վերականգնման մի շարք դրական օրինակներ:

Պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է մի շարք առաջարկներ իրավասու պետական մարմիններին, որոնց թվում ընդգծել է այնպիսի միջազգային իրավական փաստաթղթերին միանալու անհրաժեշտությունը, ինչպիսիք են՝ Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան: Պաշտպանը շեշտադրել է, որ այդ կոնվենցիաների ընդունումը բարենպաստ հենք կդառնա տվյալ ոլորտներում համակարգային բարեփոխումների եւ մշտադիտարկման արդյունավետ գործիքակազմի ապահովման համար:

Ա.Բեգլարյանը ներկայացրել է նաեւ հանրային իրազեկման, քաղաքացիական հասարակության հետ համագործակցության, միջազգային փոխգործակցության ուղղությամբ իրականացված քայլերն ու ծրագրերը: