Ներկայիս իշխանությունը երկու բան է հայտարարել, որ Հայաստանում չկա եւ չի լինելու քաղաքական հետապնդում եւ չկա ու չի լինելու կոռուպցիա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ նոր իշխանությունը ստիպված է լինելու այս երկուսի միջեւ ընտրություն կատարել։
«Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում կա ե՛ւ կոռուպցիա ե՛ւ քաղաքական հետապնդում»,– ասաց Շահնազարյանը։
Քաղաքացու օր հռչակելը Շահնազարյանը համարեց իշխանության պառակտիչ քաղաքականության մի դրվագ․ «Սա ներկայիս իշխանության հասարակությունը պառակտելու քաղաքականության շարունակությունն է, որովհետեւ այն ինչ որ տեղի է ունենեցել մեկ տարի առաջ, եւ իրենք նշելու են, դա եղել է ամբոխի հաղթանակը ՀՀ քաղաքացու նկատմամբ։ Շատ զարմանալի է, որովհետու աշխարհի ոչ մի իշխանություն չի փորձում պառակտել հասարակությունը։ Նրանք իշխանության եկան ատելության ալիքի վրա։ Ըստ էության այն մարդիկ, որոնք չեն ընդունել այս հեղափոխությունը նույնիսկ, երբ իշխանափոխություն էլ դեռ չէր եղել, դեմ են եղել այդ ամենին, այդ մասը դե՛մ է, իսկ այդ մասը գնալով շատանում է, նրանց ավելացվել է հիասթափված մասը, մի խոսքով սա ուղղակի խայտառակություն է»։
Լրագրողի հարցին, թե հեղափոխությունից մեկ տարի անց Սերժ Սարգսյանը լռություն է պահպանում, ինչո՞վ է դա պայմանավորված, Շահնազարյանը պատասխանեց․ «Սերժ Սարգսյանը լուրջ կուսակցություն է ղեկավարում, որն իր բավական ակտիվ դերն ունի ներքաղաքական կյանքում, հաճախ թելադրում է օրակարգ։ Կարծում եմ մոտ ժամանակներում կխոսի, ինչպես ինքն էր խոստացել։ Հանրապետական կուսակցության ամենամեծ սխալն այն էր, որ իրենցից հետո այսպիսի իշխանություն է Հայաստանում»։