Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած Քաղաքացու օրվա նշանակությանն ու արդյունքին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ․
«Երեկ՝ ապրիլի 27-ին, ես որևէ գրառում չեմ կատարել «Քաղաքացու օրվա» կապակցությամբ՝ հարգելով այն մարդկանց, որոնք տոնում էին։
Իմ կարծիքն այս թվացյալ գովելի, բայց ըստ էության՝ խորապես խտրական տոնի վերաբերյալ բացասական է։ Իմ կարծիքով՝ այն «Քաղաքացու օր» չէ, այլ «Որոշակի հայացքներ ունեցող քաղաքացու» օր։ Այս գնահատականս առաջին հերթին բխում է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի պաշտոնական հիմնավորումից (այն մեկնաբանողական նշանակություն ունի), և ապագայում այս օրենքի իրավաչափությունը դեռ քննարկման առարկա դարձվելու է։
Այնուհանդերձ, գրառմանս բուն նպատակն այլ է. որևէ «քաղաքացիականություն» կա՞ր ձեր «Քաղաքացու օրվա» տոնակատարությունում։ «Քաղաքացիական արժեքներ» խթանվեցի՞ն։ Եթե՝ այո, ապա որո՞նք էին, ձեր պատկերացմամբ, այդ արժեքները և ինչպե՞ս խթանվեցին։ Այսօր՝ ապրիլի 28-ին, մեր երկրում «քաղաքացիականության» մակարդակը թեկուզ 0.01%-ով ավելի բա՞րձր է ապրիլի 26-ի համեմատ։
Թեկուզ սխալ հիմնավորմամբ, սխալ ուղերձներով օրենք ընդունելուց հետո դեռ հնարավոր էր Քաղաքացու օրը դարձնել համերաշխության օր։ Մինչդեռ դրա փոխարեն՝ այն հանրային գիտակցության մեջ թերևս կմնա որպես բացօթյա խորովածի օր»։