Վերջերս «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, անդրադառնալով ՍԴ-ի որոշմանը, որով հակասահմանադրական էր ճանաչվել ԱԺ արձակման գործընթացը, և ՀՅԴ-ական գործիչների մեկնաբանությանը, թե իշխանությունը փորձել է ազդել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների կողմից որոշումների կայացման գործընթացի վրա, իրեն թույլ էր տվել՝ ասելու, թե դաշնակցականները «գուցե ընտրություններում պարտվելու պատճառո՞վ են ճնշված»:
Այսօրվա ասուլիսում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց. «Պատահականորեն պաշտոնների հասած քաղաքական գործիչների մեկնաբանությունները չեմ ուզում մեկնաբանել, ընդամենը տիկին Նազարյանին խորհուրդ կտամ` իրեն վեր չդասի ՍԴ-ի որոշումներից, կասկածի տակ չդնի երկրի բարձրագույն դատական համակարգի որոշումները, որը երկրի տարբեր ներկայացուցիչների մոտ սովորություն է»:
Հարցին՝ չկա՞ վտանգ, որ, խորհրդարանում չհայտնվելով, Դաշնակցությունը կկորցնի դիրքերը, նա պատասխանեց, որ անցած չորս ամիսների իրենց գործունեությունը, բնավ, դա չի հուշում: «Այդ վտանգը Դաշնակցությանը չի սպառնում: ՀՀ-ում ավանդույթ է, որ եթե որևէ կուսակցություն խորհրդարան չի մտնում, գնում է լուծարման ճանապարհով: Մմենք այդ խնդիրը չունենք, որովհետև մեր ստեղծման և գործունեության նպատակը իշխանության գալն ու խորհրդարան մտնելը չէ, մենք ունենք առաջնային ազգային օրակարգ, որի համար աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել: Այսօր ՀՀ-ի 500 համայնքում ունենք կուսակցական բջիջներ, բոլոր քաղաքներում ունենք գրասենյակներ, որոնք բաց են, այն դեպքում, երբ ընտրություններից հետո, սովորաբար, բոլորի գրասենյակները փակվում են, իսկ մերը բաց են, և առաջիկայում ավելի մեծ հզորություն ենք տալու մեր գրասենյակներին,. կուսակցությունն իր ամբողջ ծավալով աշխատում է: Ստեղծել ենք մասնագիտական 11 խումբ, որոնք ամբողջությամբ ուշադրության կենտրոնում են պահում կառավարության գործունեության ծրագիրը: Ի դեպ, Դաշնակցությունը միակ քաղաքական ուժն էր, որ կառավարության գործունեության վերաբերյալ 33 էջանոց` բոլոր ոլորտներին վերաբերող փաստաթուղթ պատրաստեց, ինչպես նաև՝ կառավարության կառուցվածքի վերաբերյալ: Դժբախտաբար, այսօր մեր երկրում շատերը, և, ցավոք, հանրության մեծամասնությունը պատրաստ չեն լսել վերլուծական, փաստավորված և հիմնավորված միտք: Մեր հանրությունն այսօր ուզում է տեսարաններ, իսկ տեսարան իշխանությունն ապահովում է` որքան ուզեք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ հաջորդ իշխանությունը ձևավորվի Դաշնակցության առանցքի շուրջ»,- ամփոփեց Իշխան Սաղաթելյանը: