«Մենք հարկերի հավաքագրման բավականին լավ միտում ունենք»: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Կարող են լինել եւ այդպիսի ընկերություններ կան, որոնք միլիոնների հարկեր չեն վճարել: Մեկ տարի է, թե 10 տարի է, մենք աստիճանաբար, կամաց-կամաց հարկային վարչարարության հետ կապված ստվերը կրճատելուն ուղղված մեր քայլերն ենք անում», -ասաց ՊԵԿ նախագահը։
Անանյանն անդրադարձավ նաեւ բյուջեի հավաքագրումների խնդրին՝ նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակում 11,4 մլրդ դրամով գերակատարվել է ծրագրային ցուցանիշը:
«Ապրիլ ամսվա հավաքագրումները համարում ենք առավել քան պոզիտիվ, նույնիսկ ասեմ՝ ռեկորդային, բայց մենք չենք համեմատելու որեւէ բանի հետ, համեմատելու ենք երբ ավարտվի եռամսյակը, որովհետեւ ծրագրային ցուցանիշները եռամսյակային կտրվածքով են: Երեկվա դրությամբ ապրիլը նախորդ տարվա ապրիլի համեմատ շատ մեծ տոկոսով գերակատարվել է»,-ասաց նա: