Ինգուշեթիայի Ազգային ժողովի պատգամավորը առեւանգել է հանրապետության բնակչուհուն՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Կնոջ հափշտակումը տեղի է ունեցել Ինգուշեթիայի Մալգոբեկյան շրջանում։ Փախցնելով կնոջը՝ 6-րդ գումարման պատգամավորը, «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամը որոշել է նրա հետ ամուսնանալ։ Նախնական տեղեկատվությամբ, առեւանգվածը նախկինում զբաղեցրել է Մալգոբեկյան կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնը»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքերով, իրավիճակը կարգավորել է ավագանին։ Հարսանիքը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը։

Այս միջադեպը աղմուկ է բարձրացրել շրջանում, քանի որ պատգամավորներն իրենք բազմիցս հանդես են եկել հարսնացուների առեւանգման պատիժը խստացնելու եւ հին կովկասյան սովորությունը արմատախիլ անելու օգտին։

Պատգամավորը ստիպված կլինի 200 000 ռուբլու տուգանք վճարել հօգուտ կենտրոնական մզկիթի աղքատների, իսկ փեսացուին օգնողներին՝ 100 000-ական ռուբլի։