ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, նրա խափանման միջոցը չի փոխվի 10 մլն դրամ գրավով: Քիչ առաջ նման որոշում կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ 

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։