Այսօր ՝ մայսիսի 2-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մահացած զինծառայողների ծնողներ՝ նոր իշխանություններից պահանջելով բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները, քանի որ, նրանց պնդմամբ՝ նախկին իշխանությունները կոծկել և փոխել են դեպքերի իրական պատճառները։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում 2007 թվականին մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը պնդում է, որ իր որդուն սպանել են, սակայն մահվան պատճառը ներկայացվում է, թե էլեկտրահարվել է, իսկ դատական նախաքննությունը տասը տարի է՝ շարունակվում է։

Նրա խոսքով՝ ապացույցներ ունի, որ որդուն Վարդենիսի զորամասում սպանել են, իսկ հակառակը պնդողները մինչ օրս չեն ապացուցել, որ որդին էլեկտրահարվել է։ Հարցին, թե ի՞նչ ապացույցներ են, Գայանե Սարգսյանը պատասխանեց․ «Ես ունեմ անհերքելի ապացույցներ, որոնք ներկայացրել եմ թե՛ նախկին իշխանությունների ժամանակ, թե՛ հիմա։ Քննչական մարմինները, դատաիրավական համակարգը և մնացած բոլորը տեղյակ են իմ որդու գործից։ Իմ անհերքելի ապացույցները երբ ներկայացրի՝ Առաջին ատյանի դատարան 2010 թվականին, դատը տապալվեց և գործը գնաց դատախազություն, որպեսզի վերանայեն։

Այնքան «բեսպրեդել» են եղել, որ նորից նույն պատճառն են առաջ բերել, թե որդիս էլեկտրահարվել է։ 2010 թվականից մինչև 2015 թվական իրենք նախաքննություն են արել, սպառել են քննչական բոլոր գործողությունները և այդուհանդերձ, միևնույնն է, մինչ օրս չեն կարողանում ապացուցել, որ իմ տղան էլեկտրահարվել է։ Ստացվում է, որ ես ունեմ գերեզման, բայց չունեմ իմ երեխայի մահվան պատճառը»,-ասաց մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը։ Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեն 2010 թվականից հետո հայտնել է, թե կորել է այն կայանը, որի պատճառով նրա տղան մահացել է։ Նրա պնդմամբ, եթե դա իրեղեն ապացույց էր, չէր կարող կորչել հենց այնպես, հետո չգիտես ինչպես՝ գտնվեր նորից։

Գայանե Սարգսյանն ասաց, որ դիմում է գրել, որպեզի վարչապետն ընդունի իրեն, ինքն էլ տեղեկացնի, որ նոր Հայաստանում քննչական մարմիններն այս գործը բացահայտելու համար ոչինչ չեն արել, այնինչ, նրա խոսքով՝ ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանն իրեն ասել է, որ գործը կբացահայտվի և մեղավորները կպատժվեն․

«Ձեր հանձնարարականը, պարո՛ն Փաշինյան, քննչական մարմինները չեն կատարել։ Ի՞նչ եք պատրաստվում անել նրանց հետ։ Ես կարծում եմ, որ նույն համակարգը, որը կար հին ոհմակի ժամանակ, հիմա էլ շարունակվում է, այդ պատճառով չեն բացահայտում։ Իմ տղայի գործի ընթացքում երեք գլխավոր դատախազ է փոխվել։ Գևորգ Կոստանյանի հետ երկու անգամ գնացել եմ դեպքի վայր, ասել եմ ապացուցեք, որ իմ տղայի վնասվածքները հոսանքի հետևանք են, և ես չեմ բողոքի։ Գևորգ Կոստանյանն ինձ ասաց՝ կասկած չկա, որ դեպքի վայրը կեղծված է։ Նա այդ ժամանակ դեռ զինվորական դատախազ էր։ Ասաց, բայց ոչինչ չարեց այդ գործով»- բորբոքված ասաց Գայանե Սարգսյանը՝ նշելով, որ վերջապես իրավական գնահատականի է սպասում։

Ամփոփելով իր խոսքը, մահացած զինծառայողի մայրը նշեց, որ, եթե հանցագործությունը զինվոր կատարած լիներ՝ վաղուց բացահայտված կլիներ։ Նրա խոսքով՝ եթե նախարարների հանցագործություններ են բացահայտում, ապա դժվար չէ բացահայտել զինվորների գործերը։

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ