«Ես ուզում եմ ևս մեկ անգամ վերջնական շեշտել, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել: Ես ներգրավված եմ իրավական գործընթացում և ինձ տրվող հարցերին ի պատասխան տեղեկատվություն եմ տվել: Դա չի նշանակում ինչ-որ մեկին դեմ կամ կողմ ցուցմունք»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ցուցմունք է տվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ:
Արսեն Թորոսյանը նշեց, որ ցանկացած բան, ինչ ինքը գիտի՝ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին. «Դավիթ Սանասարյանի գործին ես ամբողջությամբ չեմ տիրապետում և չպիտի տիրապետեմ, բացի այդ, կա նախաքննական գաղտնիք, որը չպիտի հրապարակվի»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Անդրադառնալով նրան, թե արդյոք իր ցուցմունքից հետո Դավիթ Սանասարյանի գործը չի բարդացել ի վնաս նրա, նախարարը պատասխանեց. «Ես դատախազ չեմ, քննիչ չեմ, առավել ևս՝ դատավոր չեմ, որ ասեմ, թե Դավիթ Սանասարյանի վիճակն ինչի հետևանքով է վատացել կամ թեթևացել»:
Հարցին, թե որպես նույն թիմի անդամ հավատո՞ւմ է արդյոք Դավիթ Սանասարյանին, և ինչպիսի՞ն են իր զգացողություններն այն առումով, որ գուցե իր ցուցմունքը վնասել է Դավիթ Սանասարյանին, Արսեն Թորոսյանը ընդգծեց. «Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, այլ առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով` «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Որպես նախարար՝ ես չունեմ հարազատ, բարեկամ և ընկեր»,-ասաց Արսեն Թորոսյանը` նշելով, որ Դավիթ Սանասարյանի հետ մտերիմ է եղել և հիմա էլ է մտերիմ: