Ակնհայտ տպավորություն ստեղծվեց, որ դատարանը ցանկանում էր շուտափույթ սկսել և ավարտել նիստը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը` անդրադառնալով դատական նիստին, որի ժամանակ որոշվեց շարունակել կալանքի տակ պահել Գրիգորյանին և մերժվեց նրա խափանման միջոցը 10 մլն դրամ գրավով փոխելու միջնորդությունը։
«Անձը, ունենալով հիվանդություն, որի մասին բարձրաձայնվեց նաև բժիշկների կողմից, ֆիզիկապես հնարավորություն չի ունեցել ներկայանալ դատական նիստին, թեպետ մասնակցելու ցանկություն ուներ։ Փաստաբաններիս կողմից միջնորդություններ արվեցին, որպեսզի դատական նիստը հետաձգվի, սակայն մերժվեց, լսելի դարձնելու համար տվյալ անձի կարծիքը՝ արտագնա նիստ կատարել հիվանդանոց՝ նույնպես մերժվեց, միջնորդություն արվեց նաև ինքնաբացարկի։ Դատապրոցեսին միանշանակ դատախազի կողմից չբերվեց գոնե մեկ ապացույց կամ փաստ, որ անձը կարող է խուսափել, խոչընդոտել, ավելին՝ պաշտպանական կողմը ներկայացրեց օրինական ուժ ստացած դատական ակտը, որտեղ ամրագրված է, որ թաքցնելու հետ կապված, չի ապացուցվում, որ մեր պաշտպանյալը կարող է թաքնվել»,- ասաց փաստաբանը։
Անդրադառնալով առանց Մանվել Գրիգորյանի նիստ անցկացնելու հանգամանքին, Բաղդասարյանը նշեց, որ խնդիրն արդարադատության հետ է կապված։ Նա նշեց՝ չեն դադարելու սպառել պետական ատյանները, և դատական ակտի հետ կապված՝ ահազանգելու են մինչև անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատավորը հայտարարեց, որ կալանքը հիմնավոր է, ի՞նչ հիմնավորումներ ներկայացվեցին հարցին ի պատասխան Բաղդասարյանն ասաց․ «Դատական ակտն իմ ձեռքի տակ չէ, բայց այնքանով, որքանով հիմնավորում չներկայացրեց դատախազը, բնականաբար, չի լինելու հիմնավորում նաև դատարանի կողմից, որովհետև գործում եղած փաստերը միայն վերացական դատողություններ են, իսկ դրանց հիման վրա անձին պահել կալանքի տակ՝ արգելված է օրենքով։ ՄԻԵԴ-ը հենց ՀՀ-ի հետ կապված շատ կոշտ դիրքորոշում է հայտնել, որ վերացական դատողություններով անձանց պահում են կալանքի տակ։ Երեկ դատախազը հայտնեց, որ թոքի հետ կապված խնդիր չկա, իմ գործընկեր Կարեն Քամալյանը հայտնեց, որ գիտությանը դեռ հայտնի չէ, որ թոքը հեռացնելուց հետո կարող է նորից աճել, եթե թոք չունի, ի՞նչ առողջության մասին է խոսքը։ Անձն ունի շաքարային դիաբետ և թոքը հեռացված է, օրական ստանում է 4 սիստեմա, դեղորայք, ինսուլինի քանակը օրական կտրվածքով 110-120 միավոր է, որն արդեն իսկ ցույց է տալիս, որ անձի կյանքին վտանգ է սպառնում»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այս հիվանդություններով հանդերձ ասել, որ անձը կարող է խոչընդոտել, խուսափել՝ իրավաչափ չէ։
Բաղդասարյանը նշեց՝ գործի վերաբերյալ առավել մանրամասն կխոսեն մայիսի 6-ին տեղի ունենալիք մամուլի ասուլիսի ժամանակ։