«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «7-ի» գործով նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը։

– Պարոն Ոսկերչյան, աշնանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից  Ձեր գանգատի հիման վրա վճիռ հրապարակվեց, որում արձանագրվել էին Ձեր իրավունքների ոտնահարման դեպքերը։ Դիմե՞լ եք արդեն Վճռաբեկ դատարան, որպեսզի Ձեր նկատմամբ արդարացման որոշում կայացվի։

– Այո, դիմել եմ, արդեն  նիստ եղել է, բայց վճիռ դեռ չի կայացվել։ Իմ պաշտպանը ինձ տեղեկացրել է, որ վճիռ դեռ չկա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ ՄԻԵԴ-ի կողմից այս վճիռը վերաբերում էր կալանքին։ Ես ունեմ ՄԻԵԴ ներկայացված ևս մեկ գանգատ, որի վերաբերյալ վճիռ դեռ չի հրապարակվել։

– Պարոն Ոսկերչյան, Մարտի 1-ի գործից անջատված Քոչարյանի և մյուս պաշտոնյաների մասով գործն արդեն դատարանում է։ Սպասելիք ունե՞ք, որ արդարացի դատաքննություն կիրականացվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական իշխանությունը դեռ ամբողջությամբ անկախ չէ և որոշակիորեն դեռևս շարունակում է մնալ նախկին իշխանության վերահսկողության տակ։

– Հույս կա, բայց կարծում եմ՝ ամեն ինչ կախված է  դատավորից։ Կարծում եմ նաև, որ եղած դատավորների մեջ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են օրինական վճիռ կայացնել, արդարացի քննություն կատարել։ Ինձ համար հարցը պարզ է, քննարկման նյութ չկա այստեղ։ Քաղաքական առումով խնդիրն ակնհայտ է, պարզ է, վիճելի որևէ հարց գոյություն չունի ինձ համար։ Հստակ է, որ Ռոբերտ Քոչարյանը ինքն է կրում եղած ողբերգության պատասխանատվությունը, և նա պետք է պատասխան տա դրա համար։ Սա աներկբա է։ Ինքը մեղավոր է Մարտի 1-ի ողբերգության մեջ։ Հանուն իշխանության պահպանման նա գնաց այդ քայլին, որի ամբողջ պատասխանատվությունը իր վրա է, և դրա համար, կրկնում եմ, պետք է պատասխան տա։ Մնացածը իրավաբանական նրբություններ են, թե իրավաբանորեն որքան ճշգրիտ է ձևակերպված մեղադրանքը։

– Պարոն Ոսկերչյան, այս պահին դատարանում է միայն Քոչարյանի, Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի մասով գործը, բայց մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները դեռևս մնում են չբացահայտված։

– Խիստ կարևորում եմ զոհերի մահվան հանգամանքների բացահայտումը։ Կարծում եմ՝ եթե հաջողվի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին հարցաքննել, և նա պատմի ամեն ինչ, բավական լույս կսփռվի։ Նա շատ բան գիտի այդ գործով, քան ներկա քննիչները, ովքեր քննում են հիմա գործը։ Նա կարող է ասել, թե ինչն է թաքցրել, ինչն է հետաձգել, ինչն է չեղարկել։ Շատ բաներ կան, որոնք ժամանակին նրանք իմացել են ու կոծկել են։ Կարծում եմ՝ Վահագն Հարությունյանի գործով պիտի նաև  այդ կծիկը բացել։

– Ուզում եք ասել, որ Վահագն Հարությունյանի գործի քննությամբ կարելի է գնալ զոհերի մահվան հանգամանքների բացահայտմա՞ն։

– Այո։ Միգուցե ոչ 10 զոհերի վերաբերյալ, բայց մի մասի վերաբերյալ՝ այո։ Այն ժամանակ մի շարք փաստեր գոյություն ունեին, դրա մասին գրվում էր մամուլում, վկաներն էին հայտնում։ Դրա համար կրկնում եմ, որ զոհերից մի մասի մահվան հանգամանքների բացահայտմամբ կարելի է հաջողության հասնել։ 10 զոհերից մի մասի սպանության պատասխանատուներին հնարավոր է ի հայտ բերել և կանգնեցնել դատարանի առաջ։ Եվ դա հնարավոր է Վահագն Հարությունյանի գործով։ Այդ գործի քննությունը պետք է որ օժանդակի դրան: